Հնդկաստանի կառավարությունը հաստատել է Ռուսաստանից 464 միավոր Տ–90ՄՍ տանկերի գնումը։ Հնդկաստանը տանկերի համար կվճարի 1.93 միլիարդ դոլար։

Այս մասին հայտնում է բրիտանական Jane’s ռազմական հանդեսը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ տանկեր գնելու որոշման հաստատումը գործարքի նախավերջին քայլն է․ մնում է ռուսական «Ռոսօբորոնէքսպորտի» հետ պայմանագրի կնքումը։

Նշենք, որ 464 միավոր Տ–90ՄՍ տանկերի ձեռքբերման մասին Հնդկաստանի ՊՆ-ն որոշում էր կայացրել դեռևս 2016թ-ին։ Այն ժամանակ նշվում էր, որ տանկերը պիտի տեղակայվեն Պակիստանի հետ սահմանին և Հնդկաստանի բանակում գտնվող 850 միավոր Տ–90–երին մինչև 2020թ պետք է ավելանա ևս 800 միավոր Տ–90 տանկեր։

Հնդկաստանը առաջին երեք Տ-90 տանկերը փորձարկումների համար Ռուսաստանից գնել է դեռևս 1999թ-ին։ 2001թ-ին երկու կողմերը կնքել են 310 միավոր Տ-90 տանկերի գնման պայմանագիր, որի գինը կազմել է շուրջ 1 մլրդ ԱՄՆ դոլար։ 2006թ-ին Հնդկաստանը գնել է ևս 330 տանկ, որոնց համար վճարել է շուրջ 800 մլն ամերիկյան դոլար։ 2007թ-ին Հնդկաստանը գնել է ևս 347 Տ-90 տանկ, որի համար վճարել է 1,2 մլրդ ամերիկյան դոլար։

Իսկ դեռևս 2001թ-ին Հնդկաստանը Ռուսաստանի հետ կնքել է 1 մլրդ ԱՄՆ դոլարի պայմանագիր, որով հնդկական գործարաններում արտոնագրով 1000 Տ-90 տանկեր արտադրելու իրավունք է ստացել։ Հնդկաստանում արտադրված առաջին տանկերը զինված ուժերին են տրամադրվել 2009թ-ին, իսկ տանկերի արտադրության ավարտը նախատեսված է 2020թ-ին։

Նշենք, որ 2014թ-ին Հնդկաստանը հայտարարել էր Տ–90 տանկերի արդիականացման մրցույթ, քանի որ տանկերը չունեին օդափոխման համակարգ և փոխարինվելու էին նաև կրակի կառավարման ու նավիգացիոն համակարգերը, պաշտպանական հանգույցներն ու ջերմացուցիչ սարքավորումները։