Երևանի քաղաքապետարանը «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության և «Երևանի հենակետային բժշկական քոլեջ» ՓԲԸ-ի հետ համագործակցությամբ կազմակերպել է մանկապարտեզների բուժքույրերի վերապատրաստման դասընթացներ: Հերթական դասընթացին ներկա է գտնվել Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։

Ըստ հաղորդագրության՝ «Առաջին բուժօգնության հիմունքներ» դասընթացի ավարտին համայնքային բոլոր 160 մանկապարտեզների բուժքույրերը կստանան տեսական և գործնական գիտելիքներ՝ նախադպրոցական տարբեր տարիքի երեխաներին առաջին օգնություն ցուցաբերելու առանձնահատկությունների վերաբերյալ:

Շնորհակալություն հայտնելով գործընկեր կառույցներին ՝ փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը նշել է, որ քաղաքապետարանը կարևորում է նմանատիպ ցանկացած նախաձեռնություն և պատրաստ է իր լիազորությունների շրջանակում աջակցել դրանց կյանքի կոչմանը:

Ապրիլի 2-ից մեկնարկած դասընթացները կշարունակվեն մինչև մայիսի 10-ը: