Գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության կողմից հերթական ստուգումներն անցկացվել են ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ում:

Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ ստուգման արդյունքում արձանագրվել են մի շարք խախտումներ:

Մասնավորապես՝ փաստվել է, որ «Արմավիր» ՔԿՀ-ում ևս տարածված է խցերում անձանց քնելատեղերն առանց համապատասխան թույլտվության վարագուրապատելու, առանձին դեպքերում՝ կերակրադռնակները ներսի կողմից կպչուն ժապավենով փակելու երևույթը։ Մի շարք խցերում եղել են ներքին կանոնակարգով չթույլատրված սպասքի միջոցներ: Պատժախցերը և կարանտինային բաժանմունքում առկա խցերն ապահովված չեն եղել կենցաղավարման անհրաժեշտ որոշ պարագաներով:

Խախտումներ են արձանագրվել տեսազանգից և զբոսանքի ժամից դատապարտյալների և կալանավորված անձանց օգտվելու ժամանակացույցերի սահմանման, հեռախոսակապից օգտվելու գործընթացի հաշվառման, տեխնիկատնտեսական սպսարկման աշխատանքներում դատապարտյալների ներգրավման պահանջների պահպանման, այդ աշխատանքներում ներգրավված դատապարտյալների կողմից կատարվող աշխատանքների ժամաքանակի և որակի նկատմամբ իրականացվող հսկողության ընթացակարգերի ապահովման, դատապարտյալների ուղղման համար նախատեսված աշխատանքների իրականացման, բացասական վարքագծի հակումներ ունեցող դատապարտյալների հաշվառման ոլորտներում: Չի ապահովվել առանձնակի դաժանությամբ կամ բռնությամբ հանցագործություն կատարած դատապարտյալներին որպես ագրեսիվության, կոնֆլիկտայնության հակում ունեցողներ հաշվառելու գործընթացը, ինչն անհրաժեշտ է նրանց հետ թիրախավորված սոցիալ-հոգեբանական աշխատանքներ իրականացնելու համար:

Ստուգման ընթացքում արձանագրվել է, որ ՔԿՀ-ի խցերի սանիտարահիգիենիկ պայմանները, չնայած ՔԿՀ շենքային ոչ բարվոք վիճակին, հիմնականում համապատասխանել են սահմանված չափանիշներին: Այս ոլորտում խնդիրները կապված են եղել պահվող անձանց տարեկան բուժկանխարգելիչ հետազոտությունների ենթարկելու պարտադիր պահանջի կատարման, բժշկական սպասարկման բաժնում հերթապահության ժամանակացույցի ապահովման, ՔԿՀ ԲՍԲ-ի ստացիոնար բաժանմունքում բուժման մեջ գտնվող հիվանդների նկատմամբ, հաստիքների բացակայության պատճառով, գիշերային անբավարար հսկողության հետ:

Պարզվել է նաև, որ բավարար չափով չի ապահովվել ԲՍԲ մասնագետների կողմից ՔԿՀ-ի պատժախցերում գտնված և հացադուլ իրականացնող անձանց կանոնավոր, առանց տևական ընդհատումների այցելելու պահանջը: Խախտումներ են արձանագրվել նաև ՔԿՀ-ում հանձնուքների ընդունման և հանձման գործընթացում: Ստուգման արդյունքներով ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետը ՔԿՀ-ում անցկացրել է օպերատիվ խորհրդակցություն: Արձանագրվել է, որ ի հայտ բերված խախտումների մեծ մասը վերացվել է հենց ստուգման ընթացքում: Խորհրդակցության արդյունքներից ելնելով՝ «Արմավիր» ՔԿՀ-ի պետի կողմից ձեռնարկվել են միջոցներ՝ խախտումների մյուս մասը հնարավորինս սեղմ ժամկետներում վերացնելու, հետագայում դրանք բացառելու նպատակով։