Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստրասբուրգ մեկնելուց առաջ կոչ է արել հայերին գալ իր հետ հանդիպման։ Ժամի ու տեղի մասին նա մանրամասներ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում։

«Ստրասբուրգում և հարակից բնակավայրերում բնակվող սիրելի հայրենակիցներ.

Ապրիլի 11-ին, ժամը 15.30-ին սիրով բոլորիդ հրավիրում եմ հանդիպման, որը տեղի կունենա Ստրասբուրգի Association parlementaire Europeenne-ում:

Հասցե՝ 70 Allee de la Robertsau: Սիրով սպասում եմ բոլորիդ»,- գրել է նա։

Ավելի վաղ կառավարությունից հայտնել էին, որ Փաշինյանն ապրիլի 10-11 աշխատանքային այց կկատարի Ստրասբուրգ՝ Եվրոպայի խորհուրդ:

ՀՀ վարչապետն ապրիլի 11-ին կմասնակցի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանի լիագումար նիստին, որտեղ հանդես կգա ելույթով և կպատասխանի պատգամավորների հարցերին:

Հայաստանի վարչապետը հանդիպումներ կունենա Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լիլիան Մորի-Պասկիեի, Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոյի հետ: Նիկոլ Փաշինյանը և Թորբյորն Յագլանդը հանդես կգան ԶԼՄ ներկայացուցիչների համար հայտարարությամբ:

Վարչապետը, ԵԽ գլխավոր քարտուղարը և ԵԽԽՎ նախագահը Եվրոպայի խորհրդի կենտրոնակայանում՝ Եվրոպայի պալատում, պաշտոնապես կբացեն «Հայաստանի թավշյա հեղափոխությունը» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը:

Այցի շրջանակում նախատեսվում է նաև Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ստրասբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: