Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտարարություն է տարածել Մարաղայի ջարդերի 27-րդ տարելիցի վերաբերյալ:

«Ինչպես Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում, Մարաղայում, այնպես էլ ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմի ամբողջ ընթացքում Ադրբեջանի կողմից շարունակվել է հայերի էթնիկ զտման քաղաքականությունը, որը, ըստ մեր վերլուծության, լիովին համապատասխանում է ՄԱԿ-ի 1948թ.

Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին» կոնվենցիայով սահմանված ցեղասպանության հանցագործության իրավական ձևակերպմանը: Ավելին, բացի հարյուրհազարավոր ադրբեջանահայության հայրենազրկումից, մեր հետազոտությունները ցույց են տալիս, որ նրանց սեփականության, ազատ տեղաշարժի և մի շարք այլ իրավունքներ շարունակաբար մնում են խախտված, և շատերն առ այսօր կրում են այդ քաղաքականության ֆիզիկական, հոգեբանական ու նյութական հետևանքները», - ասված է հայտարարության մեջ:

Նշվում է, որ կատարված հանցագործությունները մինչև օրս պատշաճ իրավական գնահատական չեն ստացել և փաստացի մնացել են անպատիժ, ինչի հետևանքներից է նաև ներկայումս Ադրբեջանի Հանրապետության կողմից հայատյացության պետական քաղաքականության իրականացումը:

«Դրա զոհերն են շարունակում դառնալ ոչ միայն ադրբեջանահայությունն ու Արցախի (Լեռնային Ղարաբաղի) բնակչությունը, այլև հայ ազգի բոլոր ներկայացուցիչները և Արցախ այցելող օտարերկրացիները: Հիշեցնենք, որ Ադրբեջանի հայատյացության քաղաքականության վերաբերյալ Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը 2018թ. հրապարակել է հատուկ զեկույց՝ ներկայացնելով դրա դրսևորման կոնկրետ օրինակներ և վերաբերելի միջազգային իրավունքի վերլուծություն: Ադրբեջանական հասարակության մեջ սերմանված հայատյացության դրսևորման ակտիվ փուլ արձանագրվեց նաև 2016թ. ապրիլին Արցախի վրա Ադրբեջանի լայնածավալ հարձակման ժամանակ, և Մարդու իրավունքների պաշտպանն իր փաստահավաք առաքելության շրջանակներում 2016թ. հատուկ զեկույցով ներկայացրել է քաղաքացիական ու զինվորական անձանց սպանության, գլխատման, խոշտանգման և իրավունքների խախտման ու պատերազմական հանցագործությունների մի շարք այլ դեպքեր: Հատկանշական է, որ այդպիսի հանցագործություններ կատարած ադրբեջանցի զինվորականներն այնուհետև պարգևատրվել ու խրախուսվել են Ադրբեջանի իշխանությունների կողմից:», - ասված է հայտարարության մեջ:

Պաշտպանը կոչ է անում միջազգային հանրությանը պատշաճ իրավական գնահատական տալ 1992թ. ապրիլին Մարաղայում մարդկության դեմ կատարված հանցագործությանը և ռազմական հանցագործություններին՝ համաձայն միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների և նորմերի, ինչպես նաև գործուն միջոցներ ձեռնարկել ներկայումս Ադրբեջանում շարունակվող հայատյացության քաղաքականության դադարեցման ուղղությամբ: