Մոտ 3 ամիս է՝ Արմավիրի մարզի Ջրաշենի համայնքապետարանի աշխատակիցներն աշխատավարձ չեն ստանում: Համայնքապետ Լևոն Վարդանյանի ասելով՝ համայնքապետարանի հաշիվներն արգելանքի տակ են դրվել պետեկամուտների կոմիտեի կողմից՝ 2017-2018թթ. աշխատավարձերի հետ կապված վճարները չկատարելու պատճառով:

Համայնքապետի խոսքերով՝ ՊԵԿ-ում հարուցվել է երկու վարույթ՝ մի դեպքում 600 հազար դրամի, մյուս դեպքում՝ 1 մլն 600 հազար դրամի չափով: Ընդհանուր պարտքը կազմում է մոտ 2 մլն 200 հազար դրամ, որի հետ կապված էլ հաշիվներն արգելանքի տակ են:

Լևոն Վարդանյանը պաշտոնը ստանձնել է 2019թ. հունվարի 8-ին և այդ օրվանից հաշիվները եղել են արգելանքի տակ: Հարկերը հավաքագրվում են և մոտք արվում, սակայն այդ գումարները ևս մնում են արգելանքի տակ, և հնարավոր չէ նույնիսկ հավաքագրածով աշխատավարձ վճարել:

«Այս պահին հաշվի ենք առնում առաջին անհրաժեշտության ծախսերը, որոնցից մեկը խմելու ջրի էլեկտրաէներգիայի ծախսերն են: Դա մի կերպ կարողանում ենք ապահովել»,- ասում է Լևոն Վարդանյանը: