Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններն ինստիտուցիոնալ առումով ամրապնդելու համար առանցքային նշանակություն ունի անկախ դատական համակարգի գոյությունը: Այս մասին Բարձրագույն դատական խորհրդի գործունեության մեկամյակին նվիրված միջոցառման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես երաշխավորում եմ մի բան, որ Հայաստանում հաստատված քաղաքական իշխանության համար իրապես անկախ դատական համակարգ ունենալը բացարձակ առաջնահերթություն է»,- ասել է Փաշինյանը՝ նշելով, որ Հայաատանի կառավարությունը հրաժարվել է ենթադրաբար գոյություն ունեցած այն գործելակերպից, երբ գործադիր իշխանությունը փորձում է որոշումներ պարտադրել կամ ընդհանրապես միջամտել դատական իշխանության համակարգի գործունեությանը:

Ըստ Փաշինյանի՝ եթե իշխանական տարբեր օղակներից գտնվեն պաշտոնյաներ, որոնք կփորձեն գործել այս տրամաբանությունից դուրս, նրանք գործած կլինեն կառավարության և ժողովրդի դեմ:

«Ես հույս ունեմ, որ մենք հստակ արձանագրում ենք, որ ՀՀ-ում ոչ մի կոռումպացված պաշտոնյա չի կարող գիշերը հանգիստ քնել՝ անկախ նրանից՝ դատավոր է, նախարար...: Նա պետք է իմանա, որ արդարադատությունը, պայմանականորեն ասած՝ ժողովուրդը, անպայման գալու է իր հետևից: Եթե ոչ այսօր, ապա վաղը, եթե ոչ վաղը, ապա մյուս օրը: Մենք պատմական շանս ունենք Հայաստանում ունենալ անկախ դատական համակարգ: Դրա համար այսօր չունենք ոչ մի խոչընդոտ: Ես վստահ եմ, որ այդ շանսը կօգտագործվի, այլ բան է, թե ովքեր են այն մարդիկ, որոնք կնպաստեն այդ շանսի իրացմանը և ովքեր են, որ կխանգարեն: Եթե պարզվի խանգարողներ կան, ստիպված կլինենք սկզբից լուծել խանգարողների հարցը, ապա միայն անկախ դատական համակարգի հարցը»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: