ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի խորհրդական Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Տևական ժամանակ է խոսվում է, որ Հայաստանում պետք է նպաստել ծնելիության աճին, պետությունը փորձեց ավելացնել ծննդօգնության գումարը, բայց սա շատ քիչ է, ասեմ ավելին՝ սխալ տեղից ենք սկսել: Մարդիկ երեք և ավել երեխաներ չեն ունենում, քանի որ առկա է մանկապարտեզի, դայակի, կարիերայի և շատ այլ հարցեր, հատկապես դժվար է առանց տատիկ-պապիկի ապրող երիտասարդ ծնողների վիճակը, սա թերևս շատերը կփաստեն: Հիմա ինչ կարելի է անել՝ լուծել 6 ամսականից սկսած երեխայի մանկական խնամքի, կամ մանկապարտեզի (ինչ անուն ուզում եք դրեք) հարցը, հիմա կասեք, թե համայնքներում տեղ չկա նոր մանկապարտեզներ կառուցելու համար, իհարկե, դա այդպես է, բայց այդ խնդրի լուծումը կարելի է մասամբ դնել պետական և մասնավոր ընկերությունների վրա: Բերեմ պարզ օրինակ՝ ՀՀ Շիրակի մարզպետարանի շենքում առանձնացվում են երկու-երեք սենյակներ, դրանք կահավորվում են ու աշխատակիցները երեխաներին իրենց հետ բերում են մարզպետարան, նույնը նախարարությունները, խոշոր ձեռնարկությունները և այլն: Հավատացնում եմ՝ այս և նմանատիպ այլ քայլերով խնդիրը կարելի է թեթևացնել: Այս տարածաշրջանում ապրել և լինել թվով քիչ, չի կարելի, պետք է գնալ ոչ ստանդարտ լուծումների:

Կարծում եմ՝ ԱԺ-ում այս թեմայով պետք են լսումներ, պարտադիր երեխաներ ունեցող ու նման իրավիճակներում գտնվող մարդկանց մասնակցությամբ»։