«Ողջունում ենք ապրիլի 10-ին Իտալիայի պատգամավորների պալատի կողմից 382 կողմ, 43 ձեռնպահ, 0 դեմ ձայներով Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ նախաձեռնության ընդունումը»,- այս մասին հայտարարել է Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորյա Բաղդասարյանը՝ ելույթ ունենալով Իտալիայի Պատգամավորների պալատում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ նախաձեռնության ընդունման առթիվ։

Հայաստանի դեսպանը շնորհակալություն է հայտնել Պատգամավորների պալատում ներկայացված բոլոր քաղաքական ուժերին Նախաձեռնությանը սատարելու համար։

«Առանձնահատուկ շնորհակալություն ենք հայտնում Նախաձեռնության հեղինակ իշխող «Լեգա» կուսակցության անդամ, պատգամավոր Պաոլո Ֆորմենտինիին և 34 համահեղինակներին, ինչպես նաև իրենց ելույթներով Նախաձեռնությունը սատարող բոլոր խորհրդարանականներին։

Պատգամավորների պալատը, հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ընդգծեց, որ մեկ դար առաջ Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացվածը հենց ցեղասպանություն է, և կոչ արեց Իտալիայի կառավարությանը պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը և դրան միջազգային հնչեղություն հաղորդել։

Այս քայլով իտալական կողմը վերահաստատեց իր հավատարմությունը համամարդկային արժեքներին՝ իր ներդրումն ունենալով ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ճանապարհին»,- ասել է դեսպանն իր խոսքում։