ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստրասբուրգում ԵԽԽՎ ընդլայնված նիստում իր ելույթի ժամանակ, ասել է, որ ԵԽԽՎ ամբիոնը երբեմն օգտագործվում է պատերազմներ հրահրելու համար:

«ԵԽԽՎ-ում 2016թ-ի հունվարին քննարկումները նույն թվականին ապրիլի քառօրյա պատերազմի նախերգանքը դարձան ու հող ստեղծեցին Ադրբեջանի ԶՈՒ կողմից հարձակողական գործողությունների համար։ Չեմ ուզում վստահորեն պնդել, որ գիտակցաբար, բայց այդ քննարկումների հեղինակները պատերազմի գործիք դարձան, որը թե ՀՀ, թե ԼՂՀ, թե Ադրբեջանի համար մի քանի հարյուր կյանք արժեցավ։

ԼՂՀ հակամարտության կարգավորման հարցով պիտի զբաղվի բացառապես ՄԽ համանախագահությունը, որտեղ տիրապետում են բանակցային բոլոր նրբություններին դրանց առաջին օրից։ Սա չի նշանակում, որ ԵԽ-ն հակամարտության գոտում անելիք չունի։ Այս կազմակերպությունը 0 ուշադրություն է դարձնում ԼՂ ՀԿ-ներին աջակցելուն, որևէ քայլեր չի ձեռնարկում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանն ու քաղհասարակության ամրապնդմանն աջակցելու համար»,-ասել է վարչապետը։

Նա հավելել է, որ խոսքը ԵԽ ու ԵԽԽՎ առումով պետական կարգավիճակի մասին չէ։

«Եթե ԼՂ-ն դեռ միջազգայնորեն ճանաչված չէ որպես անկախ պետություն, մի՞թե նրա բնակչության մարդ լինելու բանավեճ կա։ Մի՞թե մարդու իրավունքների համաշխարհային առաջամարտիկներից մեկի՝ ԵԽԽՎ համար առաջնայինը փաստաթուղթն է, ոչ թե իրական մարդը։ Ուզում եմ կոչ ուղղել բոլոր այն կազմակերպություններին, որոնք զբաղվում են մարդու իրավունքների, ժողովրդավարական ինստիտուտների, խոսքի ազատության պաշտպանության հարցերով՝ աջակցել ԼՂ ժողովրդին կատարելագործել իրենց օրենքներն ու ինստիտուտները, ամրապնդել մարդու իրավունքները»,-ասել է Փաշինյանը։