Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը բավարարել է Ալեքսանդր Սարգսյանի որդու՝ Հայկ Սարգսյանի փաստաբան Երեմ Սարգսյանի միջնորդությունը՝ վերադարձնել իր պաշտպանյալի անձնագիրը, ինչպես նաև վերացնել Հայաստանի Հանրապետությունից նրա ելքն արգելելու վերաբերյալ իրավական հիմքերը։

«Հաշվի առնելով, որ ներկայումս Հայկ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց գրավ կիրառված լինելու հետևանքով վերացել են նրա անձնագիրը վարույթ իրականացնող մարմնի մոտ պահելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունից նրա ելքն արգելելու վերաբերյալ իրավական հիմքերը՝ խնդրում ենք վերադարձնել Հայկ Սարգսյանի անձնագիրը և Հայաստանի ոստիկանության քրեական հետախուզության գլավոր վարչությանը գրավոր հանձնարարել՝ դադարեցնել Հայկ Սարգսյանի նկատմամբ կիրառված Հայաստանի Հանրապետությունից ելքի արգելքը»,- ասել է Ե. Սարգսյանը։

Մեղադրող դատախազ Աբգար Առաքելյանը առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ անձնագիրը վերադարձվում է, երբ քրեական հետապնդումը դադարեցվում է, բացի այդ՝ առկա է վտանգը, որ հետագայում Հ. Սարգսյանը գործի քննությունից կթաքնվի՝ հաշվի առնելով, որ վերջինս նախաքննության սկզբում բերման է ենթարկվել ՀՀ-ից մեկնելուց առաջ։

Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը բավարարել է պաշտպանի միջնորդությունը։ Կիրառված սահմանափակումները ամբաստանյալի կողմից խախտելու դեպքում գրավի գումարը կբռնագանձվի, իսկ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցն էլ կփոխվի՝ կալանքի: Գործով վկա Արթուր Ղևոնդյանի գտնվելու վայրը պարզելու համար դատարանը որոշեց դիմել համապատասխան մարմիններին, իսկ մյուս վկային ևս մեկ անգամ ծանուցել։

Հաջորդ դատական նիստը նշանակվել է մայիսի 16-ին։

Հիշեցնենք, որ Հայկ Ալեքսանդրի Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել սպանության փորձի, ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու և պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասերով։ Սեպտեմբերին 10-ին դատարանի որոշմամբ 50 միլիոն դրամ գրավով նա ազատ էր արձակվել։

«Հայկ Ալեքսանդրի Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2007թ-ի ապրիլի 1-ին` ժամը 16:00-ի սահմաններում, իր բնակության վայրի` Երևան քաղաքի Թումանյան փողոցի 11շենքի 14 բնակարանի նկուղային հարկում գտնվող սենյակում, քննությամբ չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք բերած և պահվող, հրազեն հանդիսացող տեսակի մոդելի ատրճանակով Դավիթ Աշոտի Սիմոնյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ կրակել է վերջինիս որովայնին, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում»,- նշված է «Դատալեքսում»: