Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության շրջանակներում ավարտվեց 89 կգ քաշային տղամարդկանց պայքարը։ Հայաստանն այս քաշային կարգում ներկայացնում էին Հակոբ Մկրտչյանը և Դավիթ Հովհաննիսյանը։ Հակոբ Մկրտչյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն, Դավիթ Հովհաննիսյանը նվաճեց բրոնզե մեդալ։

Հակոբը, պոկելով 164 կգ և հրելով 207 կգ, երկամարտում գրանցեց 371 կգ արդյունք։ Նա պոկում վարժությունում 4-րդն էր, իսկ հրումում նվաճեց փոքր ոսկե մեդալ։

Դավիթը, պոկելով 165 կգ և հրելով 195 կգ, երկամարտի 360 կգ արդյունքով զբաղեցրեց 3-րդ տեղը։ Նա փոքր բրոնզե մեդալ նվաճեց պոկում վարժությունում, իսկ հրումում 4-րդ էր։

Այս քաշային կարգում երկամարտի արծաթե մեդալ նվաճեց Վրաստանի ներկայացուցիչ Ռևազ Դավիթաձեն՝ երկամարտի 370 կգ արդյունքով՝ 1 կգ զիջելով Հակոբ Մկրտչյանին։ Նա փոքր ոսկե մեդալ նվաճեց պոկում վարժությունում և փոքր արծաթ՝ հրումում։