Ֆրանսիայից ժամանած մի խումբ բժիշկներ Արցախի հանրապետական բժշկական կենտրոնում իրականացրել են քաղաքացիների անվճար խորհրդատվություններ, հետազոտություններ, ինչպես նաև վիրահատություններ:

«Հայ-մեդ» ֆրանսիական բժշկական-մարդասիրական ընկերության նախագահ, անեսթեզիոլոգ- ռեանիմատոլոգ Հովհաննես Հեքերյանն ասել է, որ իրենք Արցախ են բերել բժշկական սարքավորումներ և դեղորայք, որոնք տրամադրել են ինչպես հանրապետական բժշկական կենտրոնին, այնպես էլ հանրապետության բուժկետներին:

«Այս անգամ մեր խմբում ներգրավված են եղել էնդոկրինոլոգ, սրտաբան, վնասվածքաբան-օրթոպեդ, ուռուցքաբան և բուժքույրեր: Մենք կարևորում ենք հանրապետության շրջաններում գործող բուժկետների դերը, որովհետև հիվանդներին առաջին բժշկական օգնությունը տրվում է հենց բուժկետներում: Վեց օրերի ընթացքում տեղի մեր գործընկերների հետ կատարել ենք 40 վիրահատություններ, որոնց մի մասը բավական բարդ էին: Ի դեպ, տեղի բժիշկները բավականին գրագետ ու պատասխանատու են իրենց գործի նկատմամբ»,- մասնավորապես ասել է Հովհ. Հեքերյանը:

Խոսելով շաքարախտի մասին՝ նա նաև ավելացրել է, որ հանրությունը պետք է գիտակցի, որ հիվանդությունը բավականին տարածված է, և որի կանխման համար պետք է գրագետ մոտեցում ցուցաբերվի թե՛ բժիշկների, և թե՛ հիվանդների կողմից:

Ֆրանսիայից Արցախ ժամանած բժիշկների խմբի անդամ սրտաբան Զավեն Թերզյանն էլ մեզ հետ զրույցում ասել է, որ ինքը երկրորդ անգամ է Արցախում:

Խոսելով հանրապետական բժշկական կենտրոնում իր կողմից կատարած աշխատանքների մասին՝ Զ. Թերզյանն ավելացրել է, որ իրենք իրականացրել են հիվանդների խորհրդատվություններ, ինչպես նաև տեղի բժիշկների հետ անցկացրել փորձի փոխանակում, և նրանց ծանոթացրել ոլորտի վերջին նորություններին:

«Հանրապետական բժշկական կենտրոնի սարքավորումներն ամբողջությամբ բավարար են սրտի վիրահատություններ իրականացնելու համար: Աստեղ կան վերապատրաստված խելացի բժիշկներ, որոնք իրենց գիտելիքներով ու հմտություններով չեն զիջում անգամ այլ երկրների մասնագետների»,-նշել է սրտաբանը: