Թուրքիայի Անթալիա քաղաքում մեկնարկել է շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը, որին Հայաստանը ներկայացնում է 5 շախմատիստուհի։ Այսօր կայացած 2-րդ տուրում հայ շախմատիստուհիները հաջող հանդես եկան։ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը և Մարիա Գևորգյանը հաղթանակներ տոնեցին, Աննա Սարգսյանը ոչ-ոքի խաղաց, իսկ Սիրանուշ Ղուկասյանը պարտվեց։

Գերմանիայում ընթացող աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանը ներկայացնող 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանն ու 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը դուրս են եկել եզրափակիչ: Մեր բռնցքամարտիկները եզրափակչի մենամարտերը կանցկացնեն վաղը՝ ապրիլի 13-ին:

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը 4 ուղեգիր է նվաճել հունիսի 21-ից 30-ը Մինսկում կայանալիք Եվրոպական խաղերին մասնակցելու համար: Եվրոպական խաղերի ուղեգիր են նվաճել 57, 65, 97 և 125 կգ քաշային ըմբիշները: Ուղեգիրը տրվում է ոչ թե անվանական, այլ երկրին:

Ապրիլի 11-14 Կիպրոսի Լիմասոլ քաղաքի «Spyros Kyprianou Sports Center Limassol Polemidia» մարզապալատում կանցկացվեն սամբոյի Եվրոպայի պատանեկան ու երիտասարդական առաջնությունները՝ մասնակցությամբ 1998-2001թթ ծնված մարզիկ-մարզուհիների: Մրցումային առաջին օրը Հայաստանը ներկայացնող սամբիստները նվաճեցին 1 ոսկե, 2 արծաթե, 3 բրոնզե մեդալ:

Արսեն Կարապետյանը դարձավ Եվրոպայի պատանեկան առաջնության 75 կգ քաշային կարգի հաղթող: Աղջիկների առաջնությունում Վարսիկ Գրիգորյանը /56կգ/, պատանիների առաջնությունում Գևորգ Վարդանյանը /48կգ/ նվաճեցին արծաթե մեդալներ:

Երրորդ տեղն են զբաղեցրել պատանիներից Արամ Աղաջանյանը /60կգ/, երիտասարդներից՝ Վահան Շահբազյանը /48կգ/ և Նարեկ Դալլաքյանը /62կգ/:

Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության շրջանակներում ավարտվեց 87 կգ քաշային կանանց պայքարը։ Հայաստանն այս քաշային կարգում ներկայացնող Տաթև Հակոբյանը նվաճեց փոքր բրոնզե մեդալ։

Նա, պոկելով 105 կգ և հրելով 125 կգ, երկամարտում գրանցեց 230 կգ արդյունք։ Երկամարտում Տաթևն զբաղեցրեց 4-րդ տեղը։