ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է պատվաստումների դեմ տարվող տեղեկատվական արշավի մասին նյութով և գրառում կատարել․

«Թե ինչպես են վախի մթնոլորտի ու կեղծիքի միջոցով մանիպուլացվում փոքր երեխաներ ունեցող ծնողները»։

Ստորև ներկայացնում ենք վերոնշյալ նյութը։

Հայաստանում նոր թափ է հավաքում պատվաստումների դեմ տարվող տեղեկատվական արշավը: Անգլերենից կամ ռուսերենից թարգմանված նյութերը ակտիվորեն տարածվում են սոցցանցերում՝ հատուկ թիրախավորելով երիտասարդ ծնողների խմբերը: Media.am-ը ուսումնասիրել է այդպիսի խմբերից մեկը:

Երիտասարդ ծնողների և առողջության մասին ֆեյսբուքյան խմբերում ակտիվորեն իրենց քարոզչական նյութերը տարածելուց բացի պատվաստումների դեմ հանդես եկող օգտատերերը ստեղծում են սեփական խմբերը՝ անվանման մեջ, սակայն, չարտացոլելով պատվաստումների թեման:

Այսպիսի խմբերից մեկը «Smart mom/Умная мама/Խելացի Մայրիկ»-ն է: Խումբն ունի ավելի քան 1200 անդամ։ Այն ակտիվ է՝ օրական միջինը 10 հրապարակում է արվում։

Խումբը ստեղծել է Նարեկ Գրիգորյանը: Գրիգորյանի անունը սկսել է շրջանառվել մեդիայում 2018թ-ի ամռանը՝ ողբերգական պատահարի պատճառով. մահացել էր նրա 5 ամսական դուստրը: Երեխայի մահը միանգամից դարձել էր մանիպուլյացիայի առարկա. դեռ դատաբժշկական փորձաքննությունը չավարտված, Primenews.am մոլորեցնող լուրեր տարածող կայքը հրապարակել էր հոդված․ «Պատվաստումից հետո 5 ամսական երեխա է մահացել» մոլորեցնող վերնագրով: Նմանատիպ հոդվածներ էին հրապարակել և՛ լրատվականները, և՛ այլ ֆեյք կայքեր:

Փորձաքննությունը, սակայն, չէր հայտնաբերել երեխայի մահվան և պատվաստման միջև կապ: Չնայած դրան և՛ փորձաքննությունից առաջ, և՛ դրանից հետո Նարեկ Գրիգորյանը պնդում է, որ դեպքի պատճառը պատվաստումն է եղել:

Գրիգորյանից բացի «Smart mom/Умная мама/Խելացի Մայրիկ» խմբի վրա աշխատում են նրա ֆեյսբուքյան ընկերների մեջ նշվող Գեմ Յան օգտատերը, ֆեյսբուքում վերջինիս կինը ներկայացող Tina Mariam Yan-ը, ինչպես նաև Sofi Melkonian անունով օգտատերը: Նրանց հրապարակումներով ակտիվորեն կիսվում են նաև այլ ֆեյսբուքյան էջեր: Գեմ Յան էջի հրապարակումների ճնշող մեծամասնությունը պատվաստման դեմ նյութեր են: Էջը վարող մարդը ունի ևս մեկ ֆեյսբուքյան հաշիվ՝ Gem Thomas:

Խմբի մասին հատվածում նշված է, որ «Խումբը կրում է տեղեկատվական բնույթ՝ բացառությամբ գիտական հիմնավորում պահանջող գրառումների, որոնց պարտադիր է կցել պաշտոնական աղբյուրի հղումը»։ Գիտական հիմնավորումները, սակայն, այդքան էլ գիտական չեն: Խմբի հրապարակումները հաճախ ուղեկցվում են գիտական հոդվածերի բազմաթիվ հղումներով: Օրինակ, ապրիլի 6-ին հրապարակված տեքստում Sofi Melkonian-ը պնդում է, որ պատվաստումները առաջացնում են աուտիզմ և դրան կան գիտական ապացույցներ: Հղումը տանում է դեպի «Hypothesis: conjugate vaccines may predispose children to autism spectrum disorders» հոդված, որը հրապարկվել է «Mediacal Hypothesis» ամսագրում:

«Mediacal Hypothesis» ամսագիրը խնդրահարույց համբավ ունի տարատեսակ սպեկուլյատիվ հետազոտություններ հրապարակելու պատճառով: Օրինակ, ամսագրում հրապարակվել է հոդված այն մասին, թե ձեռնաշարժությունը օգնում է ազատվել քթի խցանումից: «Mediacal Hypothesis» ամսագիրը նաև չի անցնում peer review, այսինքն չի ստուգվում ուրիշ գիտնականների կողմից, ինչը անում են բոլոր հեղինակավոր գիտական պարբերականները: Հաճախ այստեղ տպագրվում են գիտական չափանիշներին չհամապատասխանելու պատճառով ուրիշ ամսագրերի կողմից մերժված նյութեր (չնայած այս ամենին՝ գիտական հրատարակչության համաշխարհային շուկայի 24% տնօրինող Elsevier-ը շարունակում է այն հրապարակել):

Խմբի մի շարք այլ հրապարակումներ կառուցված են գիտականի և հակագիտականի խառնաշփոթի վրա, ինչը թույլ է տալիս ապացուցողականության տպավորություն ստեղծել: Սկզբում տրվում է հիվանդության ընդհանուր նկարագրությունը վստահելի գիտական հոդվածների հղումներով, իսկ հետո արվում է այդ նկարագրություններից չբխող եզրակացություն:

Օրինակ, աուտիզմի մասին հրապարակման մեջ պատվաստումների բացասական դերի ապացույց որպես բերվում է նույն անվստահելի «Mediacal Hypothesis» ամսագիրը: Ավելին՝ վստահելի տվյալները խեղաթյուրվում են, օրինակ, աուտիզմի դեպքերի քանակի զգալի աճի վերաբերյալ: Ախտորոշման դեպքերի քանակը իսկապես աճել է, բայց դա պայմանավորված է ոչ թե պատվաստումներով, այլ «աուտիզմ» անվան տակ ընդգրկված ախտորոշումների ցանկի ընդլայնումով մի կողմից, և հիվանդության մասին հետազոտությունների քանակով ու հանրության աճող տեղեկացվածությամբ, մյուս կողմից:

Խմբի ադմինները միայն պատվաստումների մասին չեն գրում. այն հարթակ է ամենատարբեր դավադրությունների տեսությունների համար: Օրինակ, մարտի 29-ին հրապարակված «Ատամի մածուկի հսկայական սուտը» գրառումը նվիրված է շատ մածուկների մեջ պարունակվող ֆտորի թունավոր լինելու մասին: Չնայած որ ատամի մածուկի թունավոր լինելը բազմիցս ստուգվել և հերքվել, նյութը պնդում է, որ ֆտորը նույնիսկ փոքր չափաբաժիններով թունավոր է, իսկ մի տուփը միանգամից օգտագործելը կսպանի երեխային: Պետք է հասկանալ, որ ամեն ինչ կարող է թույն լինել՝ կախված չափաբաժնից: Օրինակ, խնձորի կորիզի մեջ կա կալիումի ցիանիդ, ավելին՝ թույն կարող է լինել սովորական ջուրը, եթե մոտ 3 ժամում 4-5 լիտրից ավել խմեք:

Դժվար է նաև ենթադրել, որ հարյուրավոր պետությունների կառավարություններ թույլ են տալիս թույնը օգտագործել և ազատ վաճառել: Ի դեպ, «Smart mom/Умная мама/Խելացի Մայրիկ»-ի ադմին Գեմ Յանը սրան ի պատասխան ակնարկում է՝ նրանք բոլորը դավադրություն են հյուսել: Որպես փաստարկ նա բերում է ժամացույցի գովազդը, որտեղ ավանդաբար արտադրողները սլաքները դնում են 10:10-վրա:

«Smart mom/Умная мама/Խելացի Մայրիկ» խումբը պատվաստումների դեմ տարածվող ապատեղեկատվության հարթակների և միջոցների միայն մեկ օրինակն է: