Ապրիլի 14-ին մոմավառություն է տեղի ունեցել Սպիտակ տան առջև որպես հիշեցում Միացյալ Նահանգների նախագահին Հայոց ցեղասպանության փաստը ճանաչելու պահանջի մասին: Պահանջ, որն ըստ հավաքվածների անհրաժեշտ է պատմական արդարության վերականգնման և ապագայում նման ողբերգության կանխման համար:

Այս անգամ մոմավառության մասնակիցները որոշել էին նաև հատուկ շնորհակալություն հայտնել ԱՄՆ-ի այն նահանգներին, որոնք մեկ դար առաջ հատուկ ներդրում ունեին ցեղասպանությունից տուժած հայ ժողովրդին օգնելու գործում.«Ալաբամա, Կալիֆորնիա, Միսիսիպի, Նյու Յորք և Վիրրջինիա, մենք ընդմիշտ շնորհակալ կլինենք այն բոլոր զոհաբերությունների համար, որ դուք արեցիք այս անմեղ մարդկանց փրկելու համար», - ասել է Նանար Կեուրկունյանը, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

Սնունդ, հագուստ և դեղորայք՝ Միացյալ Նահանգների քաղաքացիները 1916-1930 թվականներին Մերձավոր Արևելքում ամերիկյան օգնության կազմակերպության շրջանակներում Հայոց ցեղասպանությունից տուժած հայերին մոտ 2.6 միլիարդ դոլարի համարժեք օգնություն են տրամադրել՝ գումար, որը գրեթե հավասար է այսօրվա ՀՀ պետական բյուջեին:

Միայն Ֆրեզնոն 30 տոննա չամիչ է տրամադրել, Սան Ֆրանցիսկոյում հավաքվել էր մոտ 2000 տոննա հագուստ, Կալիֆորնիայի Լոնգ Բիչի դպրոցների աղջիկները հավաքել էին 3000 խտացրած կաթ, Վիրջինիայից 2000 կամավոր էր գրանցվել, իսկ Միսիսիպին տրամադրել էր 2000 տոննա եգիպտացորեն և 200 տոննա ալյուր: Օգնություն, որի շնորհիվ փրկվեցին անթիվ մարդկային կյանքեր: Իսկ այսօր նաև այդ օգնության շնորհիվ փրկված հայերի ժառանգները Միացյալ Նահանգների մայրաքաղաքում Սպիտակ տան առջև հավաքվել էին կրկին անգամ բարձրացնելու պատմական արդարության իրենց պահանջը:

«Պարոն Թրամփ, ճանաչի՛ր Ցեղասպանությունը բայց և այնպես իմացիր, որ եթե դարձյալ ուրանաս, ես, որպես նոր ամերիկահայ սերնդի անդամ կվստահեցնեմ քեզ, որ իմ սերունդը այս կառավարությանը տիրանալով, պիտի փաստի, որ հայկական պատմությունն արմատախլության պատմություն չէ, այլ վերածնունդի պատմություն», - իս ելույթում հայտարարեց Նարեկ Կույումջանը: