ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է իր դեմ ուղղված ակցիային, որի նախաձեռնողները վարչապետին մեղադրում են «խոստումները չկատարելու մեջ»:

Փաշինյանը նախ հետաքրքրվել է, թե իր որ խոստման մասին է խոսքը, լրագրողները բերել են ՀՀ երկրորդ նախագահի եղբայր Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանի՝ ՀՀ-ում եկամտաբեր բիզնեսներին 50% «փայ մտնելու» օրինակը, նշելով, որ դրա վերաբերյալ որևէ կոնկրետ բացահայտում չկա:

«Բայց, կներեք, ավարտվե՞լ է ինչ-որ բան: Հիմա մենք ինչ-որ վավերագրական ֆիլմի մեջ ենք, որտեղ գրվել է «ֆիլմի վերջը» և էկրանը մգացե՞լ է: Ասում են՝ չի բացահայտվում, ի՞նչը չի բացահայտվում: Քրեական գործ է հարուցված, մեղադրանք է առաջադրված և քննչական մարմինը, քննիչը հնարավորություն է տվել, որ մեղադրյալը Հայաստանից դուրս գա ինչ-ինչ նկատառումներով: Այդ որոշումը ես չեմ կայացրել և եթե պարզվի, որ այդ որոշումը սխալ է դատավարական առումով և պետք է որևէ մեկին հնարավորություն տա մեղադրանքից, պատասխանատվությունից խուսափել, այդ թույլտվությունը տված անձինք խստագույն պատասխանատվության կենթարկվեն», - ասել է վարչապետը:

Խոսելով իր դեմ ակցիայից, վարչապետը նկատել է, որ դրա մասնակիցները ՀՀ նախկին նախագահի ընտանիքի, այդ թվում՝ Ալեքսանդր Սարգսյանի կողմնակիցներն են:

«Հիմա օրինակ, Սերժ Սարգսյանի որոշ կողմնակիցները մեզ մեղադրում են, որ Սերժ Սարգսյանին չենք ձերբակալել, Սաշիկ Սարգսյանի կողմնակիցները մեզ մեղադրում են, որ ինչ-որ բան չենք արել: Ես խորհուրդ եմ տալիս՝ ոչ մեկը չնյարդայնանա, բոլորի պատասխանատվության պահը կգա, նրանք, որոնք ՀՀ օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթակա արարք են թույլ տվել», - ասել է Փաշինյանը: