Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում ասել է․

«Յուրաքանչյուր հեռուստաընկերություն, յուրաքանչյուր պետություն պետք է շատ հստակ գիտակցի, որ եթե հեռարձակվում են որևէ այլ երկրի տարածքում, դա որոշակի կոռեկտության սահմաններ է ենթադրում»։

Նիկոլ Փաշինյանը այսպես է արձագանքել այն դիտարկմանը, որ ռուսական պետական հեռուստաալիքներով իրեն մեղադրում են, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։

«Հայ-ռուսական հարաբերությունները նորմալ են, բայց ռուսական հեռուստաալիքները մեղադրում են ինչ-որ բանի մեջ»,- ասել է նա, հայտնում է Aysor.am-ը:

Նա նշել է, թե ինչպես հայկական, այնպես էլ ռուսական լրատվամիջոցները Հայաստանում ազատ են։

«Չնայած հիմա կարծիքներ կան, որ պետք չէ օտարերկրյա լրատվամիջոցները Հայաստանում լինեն նույնքան ազատ, որքան հայաստանյան լրատվամիջոցները», - ասել է նա։

«Կոռեկտությունը պետք է պահպանվի, հակառակ դեպքում, մենք սխալ դաշտ կընկնենք։ Ես կարծում եմ, որ, հնարավոր է, ռուսաստանյան հեռուստաընկերություններն այս խնդիրը հաշվի առնեն ու համապատասան հետևություններ անեն», - հավելել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ գործը դատական փուլ կմտնի ու միջազգային հանրությունը հնարավորություն կունենա տեսնելու։

Այն հարցին, թե կարելի՞ է ենթադրել, որ Ռուսաստանն իր աջակցությունն է հայտնում Ռոբերտ Քոչարյանին, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է.

«Ես չեմ կարող ենթադրություններ անել, ճիշտ կլինի այդ հարցով Ռուսաստանին դիմեք»։