Kawasaki Heavy Industries ճապոնական ընկերությունը Նյու Յորքի իշխանությունների հետ համաձայնության է եկել քաղաքային մետրոյի համար մինչև 1,6 հազար վագոնների մատակարարման շուրջ: Պատվերը պետք է դառնա արտադրողի պատմության մեջ խոշորագույնը, իսկ պարտավորագրի գումարը կարող է գերազանցել 400 միլիարդ իենը (3,6 միլիարդ դոլարը)։

Գործարքը նախատեսում է R211 նոր մոդելի 535 վագոնների արտադրություն՝ ևս 1077 հատ օպցիոնով: Մատակարարումները պետք է իրականացվեն 2020-ից մինչև 2023 թվականն ընկած ժամանակամիջոցում:

Նշվում է, որ նոր վագոնները սարքավորված են լուսադիոդային լուսավորությամբ, թվային տեղեկատվական լուսատախտակով և լայն դռներով՝ կայարաններում ուղևորների մուտքի և ելքի գործընթացի արագացման համար:

Շարժակազմի ճապոնացի արտադրողներն, ինչպիսիք են Kawasaki Heavy-ը և Hitachi-ն, ձգտում են ընդլայնել արտահանական մատակարարումները՝ նոր գծերի կառուցման ծավալների կրճատման հետևանքով ներքին շուկայում պահանջարկի նվազման պայմաններում: