Հայկական բնապահպանական ճակատը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Ամուլսարի հանքի տարածքում կատարված հետազոտություններին․

«Հայ գիտնականների վերջին հետազոտությունները մեկ անգամ ևս հաստատում են, որ Լիդիանի կողմից տարիներ առաջ հորինած և շրջանառության մեջ դրված այսպես կոչված «Ամուլսարի տեկտոնական բլոկ» հասկացությունն ընդամենը որոշ մարդկանց երևակայության և ցանկությունների արդյունք է և չունի ոչ մի գիտական հիմք։ Լիդիանի համար հետազոտություններ արած ընկերություններն ու փորձագետներն ամեն կերպ ցանկացել են ներկայացնել հետևյալը․

- Ամուլսարի ծրագրի տարածքի սահմաններում չեն հայտնաբերվել խախտումներ կամ այլ տեկտոնական գեոմորֆոլոգիայի ապացույցներ և որ այն տեկտոնական ակտիվության խոշոր գոտիների սահմաններից դուրս է։
- Ամուլսարն ինքնուրույն է ոչ միայն երկրաբանական կառուցվածքով, այլ նաև ինժեներական և հիդրոերկրաբանական առանձնահատկություններով: Բլոկի հիդրոերկրաբանական ռեժիմը ևս ինքնուրույն է. հարակից շրջանների քաղցրահամ ջրային ավազանների հետ կապ չունի և հանքավայրի շահագործման ժամանակ ոչ մի ազդեցություն չի կարող ունենալ նրանց հիդրոերկրաբանական պայմանների և ստորգետնյա ջրերի ռեժիմների և քիմիական կազմի վրա:
- Ամուլսարի երկրաբանական բլոկի մորֆոլոգիան ապահովում է հիդրոերկրաբանական (ավտոնոմ) պայմանները:

- Հանքավայրի տարածքում բացակայում է միասնական ջրատար հորիզոնը:

Ներկայացված քարտեզ սխեմաներից մեկը վերցված է Լիդիանի կայքից, իսկ մյուսը հայ երկրաբանների և գեոմորֆոլոգների 2018թ․ նոյեմբերին հրապարակված հետազոտությունից։ Այս հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ Ամուլսարի տարածքում կան բազմաթիվ խորքային և նեոտեկտոնիկ խզումներ և օղակաձև կառույցներ, որոնց մասին նշված չէ Լիդիանի ոչ մի փաստաթղթում։ Այս բացահայտումներն ապացուցում են, որ ոչ մի առանձնացված Ամուլսարի տեկտոնական բլոկ գոյություն չունի, իսկ նախատեսվող դատարկ ապարների լցակույտից դեպի հյուսիս՝ Ջերմուկի և դեպի հյուսիս-արևմուտք՝ Կեչուտի ջրամբարի ուղղություններով ընդհանրապես բաժանող խզվածք չկա։ Ստորեկրյա քաղցրահամ և հանքային ջրերի կապերն Ամուլսարի հարակից տարածքների հետ ոչ միայն բացառված չեն, այլ ընդհակառակն անխուսափելի են՝ հաշվի առնելով գիտնականների արած երկրաբանական, հիդրոերկրաբանական, գեոմորֆոլոգիական և տիեզերական լուսանկարների մասնագիտական վերլուծություններն ու տեղանքում անցկացրած փորձնական դաշտային համեմատությունները»։