«Հայաստանում ներդրվել է առցանց նոր համակարգ, որին միացված են տեխզննման բոլոր կենտրոնները»․ Հակոբ Արշակյան
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը՝ ներկայացնելով ավտոմեքենաների տեխնիկական զննության ուղղությամբ կատարված աշխատանքներն, ասել է․
«Հայաստանում ներդրվել է առցանց նոր համակարգ, որին միացած են հանրապետությունում գործող բոլոր տեխզննման կենտրոնները»:
Նախարարը հայտնել է, որ այս տվյալների բազայում երևում է ավտոմեքենայի վերաբերյալ ողջ տեղեկատվությունը, թե որ թվականին է այն արտադրվել, որքան է շահագործվել և այլն: Բացի այդ, նշված են թեստավորման այն տեսակները, որոնք տեխզննության ընթացքում մեքենան անցել է:
«Համակարգի նպատակն է ունենալ մեքենաների վիճակի ամբողջական բազա՝ օնլայն։ Դա հնարավորություն կտա ձերբազատվել տեխզննման կտրոնների մշակույթից, տիրապետել Հայաստանում տրանսպորտային ամբողջ պարկի վիճակին, հնարավորություն կտա բարձրացնել ճանապարհային երթևեկության անվտանգությունը»,- ասել է Հակոբ Արշակյանը։
Նա նաև նշել է, որ ցանկացած ընկերություն կարող է դիմել նախարարություն, ստանալ լիցենզիա, որն իրեն թույլ կտա միանալ համակարգին և տեխզննությամբ զբաղվել։
Հակոբ Արշակյանը հայտնել է, որ այս պահին պակասում է օրենսդրական բազան, սակայն հիմա օրենսդրական դաշտի կարգավորման փուլում են։