Մայիսին Երևանում առաջին անգամ ժամանակակից մշակույթի և նորագույն երաժշտության «Ուրվական» միջազգային փառատոնը կանցկացվի:

Փառատոնի անվանումն ընտրվել է ներշնչված մարդկության կողմից լքված վայրերից, հուշարձաններից:

«Ուրվականի» երաժշտական ծրագիրը մեկտեղում է 22 երկրի ավելի քան 80 արտիստի նախագծերը՝ ընդգծելով հնչյունային արվեստի, ժամանակակից էլեկտրոնային, ինստրումենտալ, փոփ և ակումբային երաժշտության արդի միտումները:

Փառատոնի նպատակն է խթանել տեղի երաժիշտների և աշխարհի տարբեր երկրների կայացած արտիստների, կուրատորների և երաժշտական արդյունաբերության մասնագետների միջև փորձի փոխանակումը: Կազմակերպիչները հույս ունեն, որ այն Հայաստանի, հետխորհրդային և Միջին Արևելքի երկրների երաժշտական ոճերի, ժանրերի ներկայացման հարթակ:

«Ուրվականի» օրերին Մանկական երկաթուղին կդառնա իրադարձությունների հիմնական վայրը, որտեղ ելույթ կունենա ավելի քան 40 միջազգային արտիստ: Բացման միջոցառումը տեղի կունենա Արամ Խաչատրյան համերգասրահում:

Այս ընթացքում կներկայացվի նաև ռուս արտիստ և կուրատոր Ստաս Շարիֆուլին Topography of Phantom Cities («Ուրվական քաղաքների քարտեզագրությունը») աշխատանքը: Փառատոնի գիշերային ծրագիրը ներառում է էլեկտրոպարային երաժշտություն ու դրա ամենավերջին և արդի միտումները: