Պաշտպանության նախկին նախարար, Սերժ Սարգսյանի խորհրդական և գլխավոր ռազմական տեսուչ Միքայել Հարությունյանի նկատմամբ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը նշանակել է տուգանք՝ 200 000 դրամի չափով: Հանձնաժողովի որոշման պատճառը Հարությունյանի՝ պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագիրը չներկայացնելն է:

Միքայել Հարությունյանը պաշտոնից ազատվել էր 2018թ-ի մայիսի 8-ին՝ նույն օրը, երբ Նիկոլ Փաշինյանը նշանակվել էր վարչապետ: Հարությունյանի ազատման հրամանը, սակայն, ստորագրել էր ոչ թե Փաշինյանը, այլ այդ օրը պաշտոնից հեռացող Կարեն Կարապետյանը, իսկ ազատման պատճառը նշված է՝ «իր դիմումի համաձայն»: Ավելի ուշ պաշտպանության նախկին նախարարի նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել Մարտի 1-ի գործով՝ սահմանադրական կարգը տապալելու համար, խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը և հայտարարվել էր հետախուզում։

Պաշտոնը դադարեցնելու օրվա հայտարարագիրը Միքայել Հարությունյանը պարտավոր էր ներկայացնել 30 օրվա ընթացքում: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը գործը քննել է միայն դեկտեմբերի 10-ին՝ առանց Հարությունյանի ներկայության, և նրա նկատմամբ կիրառել է «նախազգուշացում» վարչական տույժը: Հանձնաժողովը նաև զգուշացրել է, որ հայտարարագիրը ևս 30 օր չներկայացնելու պարագայում կնշանակի տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով: Այս գործի քննությունը կայացել է միայն այս տարվա ապրիլի 15-ին՝ կրկին առանց Միքայել Հարությունյանի ներկայության: Էթիկայի հանձնաժողովը նախկին պաշտոնյայի նկատմամբ նշանակել է 200 000 դրամի տուգանք:

Հարությունյանը տուգանքը պետք է վճարի որոշումը նրան հանձնելու օրվանից ոչ ուշ, քան 15 օրվա ընթացքում, իսկ եթե որոշի բողոքարկել այն՝ բողոքը առանց բավարարման թողնելու մասին ծանուցվելուց հետո 15 օրվա ընթացքում:

Էթիկայի հանձնաժողովին հայտարարագիր չի ներկայացրել նաև Հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյանը: Նա նույնպես գտնվում է հետախուզման մեջ՝ ապօրինի հարստացման և հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու մեղադրանքով։

Թեև Սարգսյանը պաշտոնից ազատվել էր 2018թ-ի հոկտեմբերի 1-ին, հաջորդող 30 օրերի ընթացքում հայտարարագիրը չներկայացնելու համար էթիկայի հանձնաժողովը նրա նկատմամբ նախազգուշացում է կիրառել միայն 2019թ-ի ապրիլի 9-ին՝ ավելի քան 5 ամիս անց:

Անդրադառնալով այս հարցին՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամները պարզաբանել են, որ դրա պատճառը նաև հայտարարագրմանն առնչվող նոր կարգավորումներն են, ըստ որոնց՝ հայտարարագրերը հունվարի 1-ից ներկայացվելու էին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին: Սակայն նոր օրենսդրական փոփոխություններով այս ժամկետը հետաձգվել է մինչև 2020թ. հունվարի 1, և մարտի 28-ից դրանք կրկին ներկայացվում են Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով:

Եթե նախազգուշացումից 30 օր հետո Լյովա Սարգսյանը կրկին չներկայացնի հայտարարագրերը, նրա նկատմամբ նույնպես կնշանակվի տուգանք: Ինչ վերաբերում է Միքայել Հարությունյանի գործին, հանձնաժողովի անդամ Արտակ Սարգսյանը նշել է, որ տուգանքը չվճարելու դեպքում գործը կուղարկվի դատախազություն:

Հանձնաժողովի մեկ այլ անդամ Էդգար Շաթիրյանի խոսքով՝ օրեր առաջ 3 գործ է ուղարկվել գլխավոր դատախազություն՝ հայտարարագիրը դիտավորությամբ չներկայացնելու առերևույթ հատկանիշներով: Հանձնաժողովի անդամը չցանկացավ անուններ հրապարակել՝ պատճառաբանելով, որ քանի դեռ վարույթ իրականացնող բոլոր մարմինները չեն հրապարակում անունները, կնշանակի՝ իրենք թիրախավորում են մարդկանց:

Էթիկայի հանձնաժողովում քննվում են այլ գործեր ևս, միայն թե դրանց մասին հայտարարությունները հրապարակելու պարտավորություն չկա: Նախկին ռազմական տեսուչի և դեսպանի մասին որոշումները տեղադրվել են պաշտոնական հայտարարությունների azdarar.am կայքում՝ հաշվի առնելով իրավապահ մարմիններից թաքնվելու պատճառով նրանց ծանուցելու հետ կապված դժվարությունները: