Հայաստանում գրեթե բոլոր պոչամբարների թափոնաջրերը, արտադրական ջրերը լցվում են գետեր։ Այդ մասին ասել է Հայկական բնապահպանական ճակատի անդամ, աշխարհագրագետ Լևոն Գալստյանը՝ կրկին ահազանգելով «լուրջ էկոլոգիական աղետի» մասին։ Փոխանցում է «Ազատություն»-ը։

«Վերջին հինգ տարվա ընթացքում եղել ենք Հայաստանի լեռնահանքային տարածքների բոլոր պոչամբարների տարածքում։ Բացի մի պոչամբարից, չի եղել այնպիսի դեպք, որ այդ թունահարույց, աղտոտված թափոնաջրերը, արտադրական ջրերը, մնացած արդյունաբերական ջրերը չլցվեն մեր գետերի և առուների մեջ», - նշել է բնապահպանը։

Բնապահպանի գնահատմամբ՝ խնդիրը մշտական է և շատ լուրջ էկոլոգիական աղետ է իրենից ներկայացնում։

«Այդ ջրերի աղտոտումը միայն ջրերի աղտոտում չէ, դա բերում է նաև սննդային շղթայով և աղտոտման շղթայով մյուս բոլոր բնական բաղադրիչների նաև գյուղատնտեսական մթերքների աղտոտմանը, որը և հետո ազդում է նաև մարդկանց կյանքի որակի, առողջության վրա», - ասաց Գալստյանը։