ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել է, որ բոլոր այն գազալցակայանների և բենզալցակայանների հետևում, որոնք կտրոն չեն տալիս, կանգնած են կոնկրետ մարդիկ՝ հավելելով, որ եթե չեն տալիս, պետք է «օրը 1000 անգամ տուգանել»:

«Ինձ ամեն օր ասում են, որ գազալցակայանները չեն տալիս կտրոն, ուղղակի ցուցադրաբար չեն տալիս, ինչո՞ւ չեք լուծում այդ հարցը՝ պարոն Օսիպյան, պարոն Վանեցյան: Ինչքա՞ն պիտի այդ հարցը մնա: Պաշտոնապես ասում եմ, որ չեն տալիս կտրոն, ինչո՞ւ չեք լուծում այդ հարցը»,- ասել է վարչապետը, հայտնում է «Հայկական ժամանակը»:

ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանն ասել է, որ արձանագրվում են խախտումներ, բայց ամեն վայրկյան հարկային մարմինը չի կարող հետևել ամեն մի գործարքին:

Վարչապետի հարցին, թե նույն գազալցակայանին օրը քանի՞ անգամ կարող են տուգանել, սահմանափակում կա՞, Մանուկյանն ասել է, որ չկա:

«Գնացեք մի գազալցակայանին օրը 1000 անգամ տուգանեք: Նույնն էլ բենզալցակայանին, ինչո՞ւ չեք տուգանում: Արդյունքում քրեական գործ հարուցեք, տարեք նստացրեք այդ մարդկանց»,- ասել է վարչապետը: