Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ ԱՄՆ-ն առաջարկել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներին հանդիպել Վաշինգտոնում՝ շարունակելու համար ղարաբաղյան կարգավորման շուրջ քննարկումները: Այդ մասին Մամեդյարովը հայտարարել է Վարշավայում՝ մամուլի ասուլիսում խոսելով ղարաբաղյան կարգավորման խնդրի մասին:

Անդրադառնալով ապրիլի 15-ին Մոսկվայում կայացած հանդիպմանը՝ Մամեդյարովն ասել է.

«Մեզ բեկում է հարկավոր բանակցություններում: Կարող եմ ասել, որ ոչ այնքան դրական եմ տրամադրված այս հարցում, բայց եթե իրատեսորեն խոսենք, պետք է կրկնապատկել ջանքերը: Դա անում է Ռուսաստանը՝ վերջին հանդիպմանը մասնակցել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Իսկ երեկ մենք հրավեր ենք ստացել ԱՄՆ-ից՝ այցելել Վաշինգտոն, որտեղ ԱՄՆ պետքարտուղարը ևս մտադիր է իր ավանդն ունենալ բանակցությունների առաջխաղացման գործում»,- ասել է Մամեդյարովը, հայտնում է Haqqin.az-ը: