Այսօր Արցախյան պատերազմի մասնակից, ՀՀ ազգային հերոս Թաթուլ Ժորժիկի Կրպեյանի ծննդյան տարելիցն է․ Նա այսօր կդառնար 54 տարեկան։

Թաթուլ Կրպեյանը ծնվել է 1965թ-ի ապրիլի 21-ին Հայաստանի Թալինի շրջանի Արեգ գյուղում։

1972-1982թթ. սովորել է հայրենի գյուղի միջնակարգ դպրոցում։ Դպրոցն ավարտելուց հետո ծառայել է խորհրդային բանակում։ 1985-1986թթ-ին սովորել և գերազանցության դիպլոմով ավարտել է Թալինի թիվ 76 պրոֆտեխնիկական ուսումնարանը: 1987-1990թթ-ին սովորել է ԵՊՀ պատմության ֆակուլտետում։ Համալսարանի չորրորդ կուրսում Թաթուլը միացել է Հայկական ազատագրական շարժմանը։ 1987-1989թթ-ին Թաթուլը նաև եղել է Արցախը Հայաստանի հետ վերամիավորելուն ուղղված «Միացում» կազմակերպության անդամ։

ԵՊՀ-ում սովորելուն զուգահեռ երգել է «Մարաթուկ» ազգագրական երգի-պարի համույթում, հավաքագրել ու մոռացությունից փրկել է ժողովրդական, և ազգային-ազատագրական պայքարի մասին երգեր ու պարեր: Երևանի պետական համալսարանում հիմնադրել է «Կարս» ազգագրական երգի-պարի համույթը:

1990թ-ին ընդունվել է ՀՅԴ կուսակցության շարքերը: Կրպեյանը եղել է Արցախյան շարժման երիտասարդական թևի սիրված առաջնորդներից, զանգվածային երթերի ու հանրահավաքների, նստացույցերի ու դասադուլների կազմակերպիչներից և ուսանողության շրջանում քարոզչություն իրականացնող առաջամարտիկներից մեկը:

1990թ-ի սեպտեմբերին Թաթուլը մեկնել է Արցախ, որտեղ վիճակը շարունակում էր վատթարանալ։ Իր իսկ հիմնած զինված խմբով 1990թ-ի սեպտեմբերից մինչև 1991թ-ի մայիս ամիսը ղեկավարել է Գետաշենի ենթաշրջանի (Գետաշեն-Մարտունաշեն) ինքնապաշտպանությունը՝ ընդդեմ ադրբեջանական զինված ուժերի,ռուսական բանակի և ոստիկանական խմբավորումների։

Զոհվել է 1991թ-ի ապրիլի 30-ին՝ «Օղակ» գործողության ժամանակ։ 1996թ-ի սեպտեմբերի 20-ին արժանացել է ՀՀ ազգային հերոսի կոչմանը։ Պարգևատրվել է նաև «Հայրենիք» շքանշանով։

Թաթուլ Կրպեյանը որպես խիզախ մարտիկ ասում էր․

«Ինչո՞ւ եք վախենում մահից։ Հողի համար ես հենց հիմա պատրաստ եմ մեռնելու։ Հողի, ազգի համար։ Ես ոչ մի անգամ չեմ գնա Երևանի օդանավակայանում իջնեմ, ասեմ՝ Գետաշենը հանձնեցի։ Ես այստեղ կը մեռնեմ, այդ բանը չեմ անի...»։

Իսկ վերջին անգամ Երևանից Արցախ մեկնելիս նշել է․

«Գիտեմ, որ Երևան այլևս չեմ գա, ինձ կբերեն․․․»։

Նշենք, որ 2015թ-ին Երևանի ավագանու որոշմամբ մայրաքաղաքի զբոսայգիներից մեկը վերանվանվեց Թաթուլ Կրպեյանի անվամբ: Նույն տարում նրա անվամբ անվանակոչվեց նաև Երևանի թիվ 62 ավագ դպրոցը: