Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը երեկ Դամասկոսում ընդունել է Ռուսաստանի հատուկ բանագնաց Ալեքսանդր Լավրենտևին, արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Վերշինինին, փոխվարչապետ Յուրի Բորիսովին և ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցիչներին:

Դամասկոսի և Մոսկվայի պետական լրատվամիջոցների փոխանցմամբ, կողմերը մտադիր են կնքել Տարտուսի նավահանգիստը Ռուսաստանին վարձակալության տալու պայմանագիրը: Ենթադրվում է, որ այն մոտ ապագայում կստրագրվի:

Կողմերը քննարկել են Սիրիայում խաղաղություն հաստատելու հարցով ապրիլի 25-26 Ղազախստանում անցկացվելիք բանակցությունների թեման: Այդ բանակցություններին մասնակցելու են Սիրիայի, Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի պատվիրակները:

Ասադը և ռուս բանագնացները երեկ անդրադարձել են նաև փոխադարձ առևտրի հարցին: Ռուսաստանը մտադիր է ամրապնդել և ընդարձակեել ծովային ռազմակայանը Տարտուսում: Դա ռուսական ռազմանավերին կընձեռի Սիրիայի տարածքային ջրեր և նավահանգիստներ մուտք գործելու հնարավորություն:

Ներկայումս գործող պայմանագիրը ժամանակավոր է, և երբ կողմերը կստորագրեն նոր համաձայնությունը՝ ռուսները Տարտուսը կվարձակալեն 49 տարի ժամկետով, որը կարող են հետագայում երկարաձգել ևս 25 տարով: