Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքում բացվել է բազմաֆունկցիոնալ գրադարան-գրադարակը։ Դպրոցի չօգտագործվող սենյակներից մեկը դարձել է բազմաֆունկցիոնալ գրադարան, որտեղ աշակերտները կարող են ընթերցել, ֆիլմ դիտել, խաղեր կազմակերպել։ Հիմնադիրներ են անգլերենի ուսուցիչ Արուսիկ Զեյնալյանը, դիզայներ Հայկ Զալիբեկյանը և ծրագրավորող Սամվել Չոբանյանը։ Դրախտիկը 3-րդ գյուղն է, որտեղ բացվում է գրադարակը (այսպես անվանում են հիմնադիրները)։

Առաջին անգամ գրադարան-գրադարակ բացվել է 2018թ.-ի մայիսին Լոռու մարզի Արմակից գյուղում, որտեղ Արուսիկ Զեյնալյանը «Դասավանդիր Հայաստան» ծրագրի շրջանակում անգլերեն է դասավանդել։

Ըստ Արուսիկի՝ նպատակն ի սկզբանե միայն գրադարան ունենալը չէր, այլ այնպիսի մի կենտրոն ստեղծելը, որը կոգեշնչեր աշակերտներին, ինչպես նաև` համայնքի մյուս բնակիչներին։

Աշակերտները ներգրավվել են գրադարանի ստեղծման առաջին քայլերից, միասին մաքրել ու կահավորել այն։ Գրադարակի ստեղծումից մի քանի ամիս հետո Արուսիկը Հայկ Զալիբեկյանի և ծրագրավորող Սամվել Չոբանյանի հետ որոշել են գրադարան-գրադարակի գաղափարը տարածել այլ մարզերում և դրա համար հիմնել են «Գրադարակ գրադարաններ» հասարակական կազմակերպությունը։

Երկրորդ գրադարանը հիմնել են Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղում։ Իսկ երրորդն ահա Դրախտիկում է։

Դրախտիկի գրադարան-գրադարակը ևս գտնվում է դպրոցում։ Ինչպես մյուս երկու դպրոցների գրադարակներում, այս գրադարակից ևս կկարողանան օգտվել ոչ միայն դպրոցի աշակերտները, այլև համայնքի մյուս բնակիչները։

«Մեր գրադարակները միայն աշակերտների համար չեն, դպրոցի շրջանավարտները, աշակերտների ծնողները ևս կարող են հաճախել։ Մեր նպատակն է, որ գրադարանը դառնա մի վայր, որտեղ մարդիկ միշտ սպասված են»,- ասում է Արուսիկ Զեյնալյանը։ Վերջինս կարևորում է համայնքի երեխաների, պատանիների դերը գրադարակների կայացման գործում։

«Մեր երեք գրադարաններում կարող են գրքեր ընթերցել, ինտելեկտուալ խաղեր կազմակերպել, հումորի լիգաներ անել, ներկայացումներ բեմադրել, ֆիլմեր դիտել, բայց ամենից կարևորն այն է, որ այս ամենը կազմակերպում են դպրոցականները։ Սա մեր ամենամեծ ձեռքբերումն է»։

ՀԿ-ի անդամները 3 գրադարան-գրադարակներով կանգ չեն առնի, հաջորդը կբացվի սեպտեմբեր ամսին։ Գրադարակի բացվելուց հետո էլ շարունակում են հետևել աշխատանքներին, նոր գրքեր, գրենական պիտույքներ են գնում, հովանավորներ գտնում։