«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ մասին նախագծից հանվել է ՏՏ ոլորտի հայաստանյան ընկերությունների դժգոհությունը հարուցած դրույթը:

ԱԺ-ում օրինագծի ներկայացման ժամանակ հիմնական զեկուցող, տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Հակոբ Արշակյանը նշել է, որ նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո լրամշակվել է:

«Նաև նախագծից հանվել են օտարերկրյա պետություններում գրանցված կազմակերպությունների կողմից ՀՀ-ում հիմնադրված ՏՏ ոլորտի դուստր ընկերություններին հարկային արտոնություններ տրամադրելու վերաբերյալ դրույթները: Սահմանվել է, որ բացի հավաստագրմած ներկայացրած ընկերությունների ցանկից, հրապարակման է ենթակա հավաստագիր ստանալու համար դիմումով դիմած, սակայն մերժում ստացած ընկերությունների ցանկը»,- ասել է Արշակյանը:

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը մտքերի փոխանակման ժամանակ նշել է, որ շատ ողջունելի է այն ամբողջ ընթացակարգը, որով քննարկվել է օրենքի նախագիծը:

«Ողջունելի է, որ կառավարությունը լսեց մեր միջոցով բարձրացված ոլորտի ներկայացուցիչների խնդիրները և ի վերջո որոշվեց հանել օրենքից այն խնդրահարույց դրույթը, որի մասին մտահոգություն էին հայտնում և ոլորտի ներկայացուցիչները, և մենք էինք այս ամբիոնից բարձրաձայնում. խոսքը՝ օտարերկրյա դուստր կազմակերպություններին այստեղ նույն արտոնություններ տալն էր, ինչ տեղական սկսնակ ընկերություններին»,- ասել է պատգամավորը: