ԱԺ քննարկման է ներկայացվել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանի և Լենա Նազարյանի կողմից հեղինակած «2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» օրենքի նախագիծը։

Ըստ հիմնական զեկուցող ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի, աջակցություն ստանալու իրավունք ունի նշված գործողությունների ժամանակ ստացած վնասվածքի պատճառով զոհված (մահացած) անձի՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով իրավահաջորդի կարգավիճակ ունեցող անձը, ինչպես նաև այն անձը, որի առողջությանը նշված գործողությունների ժամանակ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս:

«Ցավոք պետք է արձանագրեմ, որ նախկին իշխանության կողմից ոչ բոլոր տուժածներն են ընկալվել որպես տուժած։ Հարցումների ի պատասխան պատկան մարմիններից ստացել եմ տեղեկանք, որտեղ պարզ երևում է անարդար մոտեցումը։ Որոշ տուժածների տրվել է ֆինանսական աջակցություն, այն դեպքում, երբ մյուս տուժածները ստացել են զրո դրամ, դրանով իսկ տուժածներին բաժանելով յուրայինների և օտարների»,- ասել է նա։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը Լենա Նազարյանից հետաքրքրվել է, թե ինչպես են որոշելու, թե տուժածներից ո՞ւմ են աջակցություն տրամադրելու և ի՞նչ կարգի փոխհատուցման մասին է խոսքը, որ այն սիմվոլիկ գումարի չվերածվի։

«Նշված գործողությունների ժամանակ ստացած վնասվածքի պատճառով զոհված անձի՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով իրավահաջորդի կարգավիճակ ունեցող անձին, ինչպես նաև այն անձին, որի առողջությանը նշված գործողությունների ժամանակ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս։ Այսինքն՝ տուժածների շրջանակը նախագծով սահմանված է և հստակ է։ Նաև ստացել ենք ՀՔԾ-ից տեղեկանք, որ ծանր և միջին ծանրության աստիճանի մարմնական վնասվածքներ ստացել է 63 անձ, այսինքն` նրանց ինքնությունը պարզ է»,- ներկայացրել է Նազարյանը։

Ինչ վերաբերում է գումարի չափին, նա ասել է, որ այս պահին չի կարող ասել և աջակցության տրամադրման ձևն էլ կարող է միայն ֆինանսական չլինել.

«Կառավարությունում հենց վաղվանից քննարկվելու է այս հարցը»։

ԱԺ փոխնախագահը հավելել է, որ աջակցության տրամադրման հիմքը լինելու է դատաբժշկական եզրակացությունը, որը պետք է նախկինում ներկայացված լինի։