2019թ. ապրիլի 20-ին Ջավախքի Ասպինձայի շրջանի միակ հայաբնակ գյուղում՝ Դամալայում, տեղի ունեցավ Վրաստանում 3-րդ «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի պաշտոնական բացման արարողությունը և «Դամալայի օր» տոնախմբությունը:

Բացման արարողությանը ներկա էին Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Մխիթար Հայրապետյանը, Վաղարշակ Հակոբյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Վահագն Թևոսյանը, Ալեքսանդր Ավետիսյանը, Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ Սամվել Մանուկյանը, Հենզել Մկոյանը, Գիա Գոգաձեն, Ախալքալաքի քաղաքապետ Յուրի Ունանյանը, Ախալքալաքի քաղաքային ժողովի նախագահ Նաիրի Իրիցյանը, Նինոծմինդայի քաղաքային ժողովի նախագահի տեղակալ Կոնստանտին Վարդանյանը, Ասպինձայի քաղաքապետ Ռոստոմ Մագրաքվելիձեն, Ջավախքի ընդհանուր փոխանորդ Մաղաքիա վարդապետ Ամիրյանը, «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) պատվիրակությունը Սոս Սահակյանի գլխավորությամբ, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) Սեդրակ Վարդանյանի գլխավորությամբ, բազմաթիվ գործարարներ, տարբեր երկրներից ժամանած հյուրեր և լաբորատորիայի սաներ:

ՋԱՀ-ի գործադիր տնօրեն Սամվել Մկոյանի խոսքերով՝ «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիաների հիմնման ծրագիրը Վրաստանում իրականացվում է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի Վրաստանի ներկայացուցչության կողմից Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության հետ համագործակցությամբ և այլ անհատ բարերարների ու կառույցների աջակցությամբ: Այս ԱրՄաթի հիմնադրման բարերարը ծնունդով դամալացի, ՋԱՀ-ի հոգաբարձուների խորհրդի անդամ Արման Սահակյանն է։

Նախքան միջոցառումների մեկնարկը Դամալայում իրականացվել է գրաֆիտի, որի շրջանակներում ներկայացվել են հայ-վրացական բարեկամությունը խորհրդանշող պատկերները և Հ․ Թումանյանի ու Կոմիտասի դիմանակարները։

Հյուրերը ծանոթացել են Դամալայի ԱրՄաթի հնարավորություններին, Ախալքալաքի և Նինոծմինդայի Արմաթների սաների աշխատանքներին: Այնուհետև տեղի է ունեցել գյուղի պարարվեստի կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը: Տոնախմբությունն ամփոփվել է համերգային ծրագրով և հյուրասիրությամբ:

«Աշխարհում այս լաբորատորիան թվով 265-րդն է, և այժմ աշխատանքներ են ընթանում 6 երկրների հետ, որպեսզի այդ երկրներում ևս արտահանվի հայկական բրենդը և բացվեն լաբորատորիաներ»,- նշել է «Արմաթ» ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանը։

Դամալայի «Արմաթ» ինժեներական լաբորատորիան թվով երրորդն է Ջավախքում։ Առաջին ԱրՄաթը բացվել է Ախալքալաք քաղաքում, իսկ երկրորդը՝ Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղում: Հաջորդ ինժեներական լաբորատորիան նախատեսվում է հիմնել Ախալցխայում։

«ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիան հնարավորություն է տալիս դպրոցականներին անվճար հիմունքներով սովորել ինժեներություն, եռաչափ մոդելավորում, ծրագրավորում, ռոբոտաշինություն, ինչպես նաև մասնակցել մասնագիտական մրցույթների, տեխնոլոգիական ճամբարների, ծանոթանալ Հայաստանի ու Ջավախքի մյուս դպրոցականների հետ, փոխանակվել գիտելիքով ու փորձով և նորարար գաղափարներ իրագործել: