Ապրիլի 21-ին՝ Սուրբ Զատիկի օրը, Շրի Լանկայում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունների զոհերի թիվը հասել է 310-ի։ Այս մասին հայտնում է regnum-ը՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարության տվյալներին։

«Զատկի կիրակի օրը տեղի ունեցած պայթյուններից հետո զոհվել է 310 մարդ։ Ներկայումս տուժածների թիվը կազմում է 480 մարդ»,- ասվել է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, ապրիլի 21-ին Շրի Լանկայում 8 պայթյուն էր որոտացել: Կաթոլիկ եկեղեցիները հարձակման ենթարկվեցին Զատկի պատարագների ժամանակ, ինչպես նաև պայթյուններ եղան մի քանի շքեղ հյուրանոցներում: Պայթյուններ եղան նաև կենդանաբանական այգու հարևանությամբ, ինչպես նաև բնակելի համալիրի մոտ:

Նախօրեին հայտնի դարձավ, որ Շրի Լանկայի ահաբեկչություններին զոհ են դարձել նաև Դանիայի ամենահարուստ մարդու, բրիտանական ASOS ընկերության սեփականատեր, միլիարդատեր Անդերս Հոլք Պովլսենի 4 երեխաներից 3-ը։ Պովլսենը Բրիտանիայում ու Շոտլանդիայում խոշորագույն սեփականատերերից մեկն է։