Ծաղկաձորի «Golden Palace» հյուրանոցի գործունեությունը դադարեցված է
Պետությանը նվիրատվությամբ փոխանցվող Ծաղկաձորի «Golden Palace» հյուրանոցի գործունեությունը դադարեցված է, ներկայումս ընթացքի մեջ է նվիրատվության գործընթացը:
Այս մասին ասել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը:
«Հյուրանոցի գործունեությունը դադարեցրել է ներկայիս սեփականատերը՝ ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի որդին, որպեսզի լրացուցիչ այլ ծախսեր չանի: «Golden Palace»-ն առայժմ գտնվում է պահպանության ռեժիմում, իսկ մենք փորձում ենք հնարավորինս արագ իրականացնել ընդունելու գործընթացը»,- նշել է Բաբայանը և հավելել, որ հյուրանոցի պահպանության գործառույթները իրականացնում են ներկայիս սեփականատերերը, քանի որ դեռևս իրենց գույքն է:
Հարցին, թե որքա՞ն կպահանջվի պետությանը նվիրատվություն անելու համար, ՊԳԿ նախագահը չի հստակեցրել։
«Այդ ամենը կախված է Ֆինանսների և Արդարադատության նախարարությունների կարծիքներից: Կարծում եմ, որ ամենաքիչը մեկ ամիս կպահանջվի»,- ընդգծել է Նարեկ Բաբայանը:
Անդրադառնալով շենքում գործող խաղատանը՝ ՊԳԿ նախագահը շեշտել է, որ նույն գործընթացն էլ իրականացվում է խաղատան վերաբերյալ: Նրա խոսքով՝ պետությանը նվիրատվությունից հետո շինությունն, ամենայն հավանականությամբ, կրկին կգործի որպես հյուրանոց:
«Շենքը կառուցված և կահավորված է հյուրանոցային պայմաններով, և այլ տարբերակ ես դեռևս չեմ տեսնում: Լավագույն տարբերակ կլինի հավատարմագրային մրցույթի տանելը, որտեղ համապատասխան օպերատորները հանդես կգան համապատասխան առաջարկներով: Աճուրդի դնելու պարագայում էլ շինության գնորդը պետք է կառավարումն իրականացնի»,- ասել է նա։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ մաքսային ծառայության նախկին պետ Արմեն Ավետիսյանի ընտանիքը դիմել էր Պետական գույքի կառավարման վարչություն և հայտնել, որ Ծաղկաձորի «Golden Palace» հյուրանոցը նվիրում է պետությանը: