Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցն է
104 տարի է անցել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունից: 1915թ-ի ապրիլի 24-ին երիտթուրքերի կառավարությունը հրաման արձակեց Ստամբուլի ամբողջ հայ մտավորականությանը բռնագաղթի ենթարկելու մասին:
Ստամբուլում ձերբակալվեց մոտ 250 մարդ, ընդհանուր առմամբ կայսրության տարածքում՝ ավելի քան 800 մարդ: Ձերբակալվածներին գնացք նստեցրին Հայդարփաշայի կայարանում և նրանց այլևս ոչ ոք չտեսավ: Հայ մտավորականների գլուխները ջարդում էին քարերով, խոշտանգում էին ու գնդակահարում:
Բայց հայերի զանգվածային սպանությունները սկսվել էին դեռ 1894-96 թթ. սուլթան Աբդուլ Համիդի օրոք: Տարբեր գնահատականներով Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում ոչնչացվեց 1,5-2 մլն հայ: Ամբողջությամբ կոտորվեց Արևմտյան Հայաստանի վեց վիլայեթների բնակչությունը: Ցեղասպանության հետևանք դարձավ հայկական Սփյուռքը՝ ցեղասպանությունից մազապուրծ ու այլ երկրներում ապաստան գտած հայերն ու նրանց ժառանգները:
Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության փաստը և վարում է այդ պատմական իրողության կատաղի մերժողականության քաղաքական կուրս ինչպես արտաքին, այնպես էլ ներքին քաղաքականության մեջ: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ հայերի անվտանգության ապահովման նպատակով»: Հայոց ցեղասպանությունը ճանաչելու անհրաժեշտության մասին խոսում են միայն թուրք մտավորականության առանձին ներկայացուցիչներ, այդ թվում Թաներ Աքչամը, Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը, իրավապաշտպան Զագիփ Զարաքոլուն:
2008թ-ի դեկտեմբերի 15-ին ինտերնետում զետեղվեց «Հայեր, ներեք մեզ» ուղերձը: Արշավի նախաձեռնողներն էին Ստամբուլի Բախչելի համալսարանի պրոֆեսոր, լրագրող Չենգիզ Աքթարը, պրոֆեսոր Բասկին Օրանը և մտավորականության ևս 200 ներկայացուցիչ:
Խնդրագրի տակ ստորագրել էր մոտ 30.000 մարդ:
«Ես չեմ կարող համակերպվել Օսմանյան կայսրության շրջանում հայերին պատուհասած այդ աղետի հանդեպ անտարբերության հետ: Ես մերժում եմ անարդարությունը, գործում են իմ կամքով, կիսում եմ իմ հայ եղբայրների ու քույրերի զգացմունքներն ու ցավը և ներողություն եմ խնդրում նրանցից»,- ասվում էր ուղերձում:
2015թ-ի ապրիլի 15-ին Եվրոպական խորհրդարանը լիագումար նիստում ընդունել էր «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի» վերաբերյալ բանաձև, որը հաստատում է 1987թ-ի՝ Ցեղասպանությունը փաստող բանաձևի դրույթներն ու կոչ անում Թուրքիային ճանաչել այն:
Փաստաթուղթը նաև առաջարկում և հանձնարարում է ԵՄ անդամ երկրների ազգային խորհրդարաններին ու կառավարություններին համապատասխան բանաձևեր ընդունել և որոշումներ կայացնել երևույթի ճանաչման ու դատապարտման վերաբերյալ:
Հայոց ցեղասպանությունը ճանաչել են Ուրուգվայը, Ռուսաստանը, Ֆրանսիան, Լիտվան, Բրազիլիան, Ավստրիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ 50 նահանգներից 49-ը, Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի Ազգային խորհուրդը, Կանադայի խորհրդարանի Համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, ինչպես նաև Վատիկանը, Եվրախորհրդարանը և Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: