Համաշխարհային պատմությունը կերտվել է միջազգային, տարբեր ազգերի ներկայացուցիչների հանրահայտ դեմքերի կողմից։

Ի պատիվ հայ ժողովրդի, համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականների, հերոսների, արվեստագետների ու քաղաքական գործիչների պակաս երբևէ չի եղել, այդ թվում նաև կանանց: Dalma news - ն առանձնացրել է նրանցից 10-ին, ովքեր հայկական արմատներ ունեն, ապրել ու գործել են երկրագնդի տարբեր հատվածներում:

1. Սուրբ Շուշան-Վարդենի (409-475 թթ.):

Շուշան-Վարդենին՝ Հայոց սպարապետ Վարդան Մամիկոնյանի դուստրը, ում աճյունն ամփոփված է Վրաստանում, հայ և վրաց եկեղեցիների կողմից ճանաչվել է որպես ընդհանրական սուրբ:

451 թվականի Ավարայրի ճակատամարտից հետո՝ հաջորդ տասնամյակում, Շուշանն ամուսնացել էր վրաց Աշուշայի որդու՝ Վազգենի հետ, ով փոխարինել էր հորը և «բդեշխի» կոչում ստացել: Սակայն, քաղաքական նկատառումներով Վազգենն ուրանում է քրիստոնեությունն ու ամուսնանում պարսկուհու հետ: Քրիստոնեական դաստիարակություն ստացած Շուշանիկը դրանից հետո մերժում է հավատուրաց ամուսնուն և զրկում նույնիսկ իր երեխաներին տեսնելու հնարավորությունից: Իսկ ինքը փակվում է Ցուրտավի եկեղեցուն կից մութ մի խցում: Ամուսինը մոտ 6 տարի անգամ ծոծի միջոցով ստիպել է ուրանալ Շուշանին, սակայն իզուր: Շուշանը մահանում է յոթերորդ տարում։ Նա պատմության մեջ հիշատակվում է որպես սրբադասված հայուհի և գաղափարական կնոջ միջնադարյան իդեալ:

2. Մումթազ Մահալ (Արջումանադ Բանու Բեգամ) (1593-1631 թթ.):

Հնդկաստանի մարգարիտը՝ Թաջ Մահալը անվանվել է Շահ Ջահանի սիրելի կնոջ՝ Մումթազ Մահալի անունով: Հատկանշական է այն, որ Մումթազ Մահալին ևս արմատներով հայուհի է՝ եղել է հնդկական արքունիքի հայազգի պաշտոնյա Ասաֆ խանի դուստրը: Սակայն, հաշվի առնելով, որ ընտանիքը դավանում էր շիա իսլամական կրոնին, օրիորդական անունը եղել է Արջումանադ Բանու Բեգամ: Այնուհետև շահ Ջահանի հայրը՝ Ջահանգիրը, հարսին վերանվանել է Մահալ։ 1612 թվականին 19 տարեկանում կայսեր հետ ամուսնացած Մումթազ Մահալը Շահ Ջահանից ունենում է 13 երեխա։ Բայց, 14-րդ զավակի ծննդաբերության ժամանակ՝ մահանում է ամուսնու ռազմական ճամբարում: Մահամերձ վիճակում նա ամուսնուն խնդրում է իր գերեզմանին կառուցել տաճար, որն արժանի լինի իրենց սիրուն:

Կնոջ մահից հետո՝ շահ Ջահանը երկու տարով երկրում սուգ է հայտարարում, որի ընթացքում արգելված էին հնդկական տոները: Ապա հրամայում է Ագրա տեղափոխված կնոջ գերեզմանի վրա կառուցել մարմարե մեծ դամբարան, որի շինարարությունը տևում է 22 տարի, և Մումթազ Մահալիի պատվին էլ այն կոչվում Թաջ Մահալ՝ «Թագի պալատ»։

3. Ալենուշ Տերյան (1920-2011 թթ.)

Ալենուշ Տերյանը ծնվել է Իրանի մայրաքաղաք Թեհրանում։ Հայրը Նոր Ջուղայի հայերից էր՝ գրող, Իրանի «Սեփահ բանկի» տնօրեն: Ալենուշը ուսումնասիրելով աստղագիտությունը, դառնում Թեհրանի համալսարանի Երկրաֆիզիկայի ինստիտուտի արեգակնային աստղադիտարանի հիմնադիրներից մեկը: Նրան Թեհրանում կոչում էին «իրանական աստղագիտության մայրը»:

Նա այդպես էլ երբեք չամուսնացավ։ Ուշագրավ է այն, որ Ալենուշ Տերյանն իր տունը կտակել է Նոր Ջուղայի հայ համայնքին, որպեսզի այնտեղ կարողանան բնակվել կացարան չունեցող ուսանողները: Իսկ ինքը վախճանվել է ծերանոցում։

4. Դիանա Աբգար (Անահիտ Աղաբեկյան) (1859-1937 թթ.):

Գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ, ազգությամբ հայ Դիանա Աբգարը, ում նախնիները եղել են Նոր Ջուղայից, ծնվել է Արևելյան Հնդկաստանի բրիտանական գաղութ Բիրմայի մայրաքաղաք Ռանգունում (այժմ` Յանգոն): Նա եղել է համաշխարհային պատմության մեջ աշխարհում առաջին կին հյուպատոսը: Դ. Աբգարը Հայաստանի Առաջին Հանրապետության դեսպան է նշանակվել Ճապոնիայում և Հեռավոր Արևելքում՝ 1919-1920 թթ.-ին: Տիկին դեսպանը շատ հմայիչ է եղել։ Դիանա Աբգարի օրիորդական անուն-ազգանունը Անահիտ Աղաբեկյան է եղել, սակայն 1890-ին Հոնկոնգում ամուսնանալով ծնունդով նորջուղայեցի Միքայել Աբգարյանի (Մայքլ Աբգար) հետ` նա այլևս ներկայացել է որպես Դիանա Աբգար:

Հավելենք, որ Դ. Աբգարը թողել է գրական մեծ ժառանգություն։

5. Զապել Եսայան (1878-1943 թթ.):

Մարդկության պատմության ամենախիզախ կանանցից մեկը հայ գրող, թարգմանիչ, հրապարակախոս Զապել Եսայանը՝ կանանց իրավունքների պաշտպանության իսկական առաջամարտիկը:

Զապել Եսայանը լինելով ծնունդով Կոստանդնուպոլսից՝ Սկյուտարի Սուրբ Խաչ վարժարանն ավարտելուց հետո՝ մեկնել է Փարիզ և հետևել Սորբոնի ու Կոլեջ դը Ֆրանսի գրականության և փիլիսոփայության դասընթացներին։ Այնուհետև վերադարձել է Կ. Պոլիս, եղել Կիլիկիայում և գրի է առել այդ տարիներին տեղի ունեցող իրավիճակի ողջ ճշմարտությունը: Թեպետ 1915-ին նա կարողանում է խուսափել ձերբակալությունից ու ապաստանել Բուլղարիայում, ապա Թիֆլիսում, բայց հետո՝ 1936 թվականին արդեն Խորհրդային Հայաստանում դառնում է ստալինյան ճնշումների զոհը: Առ այսօր նրա մահվան հանգամանքներն անհայտ են:

6. Անիտա Կոնտի (Անիտա Կարագոշյան) (1899-1997 թթ.):

Աշխարհում առաջին կին օվկիանոսագետը ազգությամբ հայ է՝ ֆրանսիացի բնախույզ, լուսանկարիչ Անիտա Կոնտին, նույն ինքը՝ Անիտա Կարագոշյանը: 1939 թվականին նա 3 ամիս ժամանակով՝ ձողաձուկ որսալու համար «Վիկինգ ձկնորսանավով ուղևորվում է Արկտիկա: Եվ այդ ուղևորության ընթացքում էլ գալիս է այն եզրահանգման, որ օվկիանոսում ձկնորսության չարաշահումը կարող է չափազանց ծանր հետևանքների հանգեցնել։

1941-1943 թվականներին ձկնորսանավով երթևեկում է Աֆրիկայում՝ ֆրանսիական ծովակալության հանձնարարությամբ կատարելագործելով ձկնորսության մեթոդները, կազմում է քարտեզներ, նկարագրում է ձկների նոր տեսակները։ Անիտա Կոնտին մահացել է կյանքի 99-րդ տարում՝ Քրիստոսի ծննդյան օրը, Ֆրանսիայի Դուարնե քաղաքում: Նրա աճյունը, կտակի համաձայն, սփռել են Միջերկրական ծովում։

7. Զարուհի Քավալջյան (1877-1969 թթ.):

Թուրքիայի առաջին կին բժիշկը եղել է ծագումով հայ Զարուհի Քավալջյանը: Նա ծնվել է Թուրքիայի Ադափազար քաղաքում: Նրա հայրը՝ Սերոբ Քավալջյանը, 1875թ. ավարտել էր Բոստոնի բժշկական համալսարանը։ Ադափազարում ու Իզմիթում աշխատում էր որպես բժիշկ: Զարուհին 1898թ. ավարտում է Ադափազարի Ամերիկյան իգական քոլեջը և նույն թվականին մեկնում ԱՄՆ։ Չիկագոյում Քավալջյանը ընդունվում և 1903թ. ավարտում է Իլինոյսի համալսարանի բժշկական ֆակուլտետը: Այնուհետև վերադառնում է Ադափազար և որոշ ժամանակ հոր հետ աշխատում որպես բժիշկ:

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Քավալջյանը ակտիվորեն մասնակցում է վիրավորներին և տուժածներին օգնություն ցույց տվող հաստատությունների աշխատանքներին։ Դասավանդել Ուսկյուդարի Ամերիկյան իգական քոլեջում, որտեղ հայտնի է դառնում Դոկտոր Քավալ անվամբ:

8. Աննա Տեր-Վարդանյան (1920-2011 թթ.):

Աննա Տեր-Վարդանյանը ԱՄՆ ռազմածովային ուժերի առաջին կին գերագույն գլխավոր ավագն է եղել: Նա այս կոչումը ստացել է 1959 թվականին Նյուփորթի (Ռոդ Այլենդ) ռազմածովային քոլեջում և դարձել է զինված ուժերում ծառայող առաջին կինը, ով արժանացել է E-9 կոչման:

Ի դեպ, Տեր-Վարդանյաններն ընտանիքով էին ներգրավված ռազմական գործում: Երկրորդ համաշխարհային պատերազմը սկսվելուց կարճ ժամանակ անց Աննան կամավոր զինվորագրվում է, քույրը՝ Ջին Օլիվերը, ծառայում է ԱՄՆ նավատորմում, եղբայրը՝ Էնդրյուն, ԱՄՆ զինված ուժերի խաղաղօվկիանոսյան հատվածում: Ավելին՝ մայրը նույնպես ցանկանում էր միանալ նավատորմին, սակայն տանը մնալով՝ ծառայում է Կարմիր խաչում:

9. Գոհար Վարդանյան (1926 թ.):

Գոհար Վարդանյանը ականավոր խորհրդային ընդհատակյա հետախույզ է, Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության վետերան: Դեռևս 16 տարեկան հասակում նա մտել Է իր ապագա ամուսին և զինակից Գևորգ Վարդանյանի հակաֆաշիստական խումբը: Ի դեպ, 1943 թվականին այդ խմբի կազմում մասնակցել Է Թեհրանի կոնֆերանսի ընթացքում «մեծ եռյակի» ղեկավարների անվտանգության ապահովման գործողությանը: Այդ ժամանակ կանխվել Է «մեծ եռյակի» ղեկավարների՝ Ստալինի, Ռուզվելտի և Չերչիլի դեմ հիտլերյան հատուկ ծառայությունների մահափորձը:

Գոհար և Գևորգ Վարդանյաններն «Անիտա» և «Անրի» օպերատիվ կեղծանուններով ընդհատակյա վիճակում հաջողությամբ աշխատել են աշխարհի շատ երկրներում: Մասնագետների կարծիքով՝ նրանց աշխատանքի արդյունքներն այնքան նշանակալից են, որ երբեք չեն գաղտնազերծվի: Գոհար Վարդանյանն արժանացել է Կարմիր դրոշի, Երկորդ աստիճանի Հայրենական պատերազմի շքանշաններով և բազմաթիվ մեդալներով:

10. Դեյմ Սայան Սրբուհի Իլայաս (1949 թ.):

Գերագույն դատարանի առաջին կին նախագահը հայուհի Դեյմ Սայան Սրբուհի Իլայասն է եղել: Նոր Զելանդիան որոշեց, որ արքայական փաստաբանի պաշտոնում ընտրված առաջին երկու կանանցից մեկը՝ Դեյմ Սայան Սրբուհի Իլայասը, ով տեղաբնիկ մաորի ժողովրդի իրավունքների պաշտպանության ջերմեռանդ կողմնակից էր, պետք է դառնա գերագույն դատավոր: Ընդ որում՝ Նոր Զելանդիայի Գերագույն դատավորի պաշտոնի յուրահատկությունն այն է, որ նրա պարտականությունների մեջ է մտնում երկրի գեներալ-նահանգապետին փոխարինելը (նա նշանակվում է Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդի կողմից)՝ նրա հիվանդության կամ անհրաժեշտ պահին բացակայելու դեպքում: