Լույս է տեսել Հայոց ցեղասպանությունը վերապրած հայի պատմության մասին՝ «Երջանկության ոչ մենդելեևյան բանաձևը» գիրքը
«Երջանկության ոչ մենդելեևյան բանաձևը» հուշագրության մեջ լրագրող, հանրային կապերի մասնագետ Տաթևիկ Գրիգորյանը ներկայացրել է Հայոց ցեղասպանության ընթացքում զոհված և ողջ մնացած նախնիների պատմությունը։ Հայոց ցեղասպանությունը վերապրածների 4-րդ սերունդը ներկայացնող հեղինակն իր առաջին գիրքը նվիրել է տատիկի՝ մանկավարժ Լիլիա Ատթարյանի հիշատակին, հրատարակությունը նաև յուրօրինակ հարգանքի տուրք է նախնիներին։
Տաթևիկ Գրիգորյանն ասել է, որ Մեծ եղեռնի թեմայի մասին ընտանիքում երբեք չեն խուսափել խոսել։ Մանուկ հասակից հենց տատիկի շնորհիվ է լսել ընտանիքի ավագ անդամներին բաժին հասածի մասին։
«Ավելի հասուն տարիքում ցեղասպանության ընտանիքի պատմությանը ծանոթացա տատիկիս՝ մեզ փոխանցած, գեղեցիկ ձեռագրով գրված ռուսալեզու ալբոմի միջոցով: Տատիկս հանգամանալից պատմում է ցեղասպանությունը վերապրած իր ծնողների, նրանց ընտանիքների ճակատագրի մասին։ Ալբոմը փաստացի ցեղասպանությունը վերապրողների երկրորդ սերնդի նեկայացուցչի կողմից կատարած վավերագրություն է։ Տատիկիս ժառանգած եզակի ալբոմից օգտվելու և այն հատվածաբար գրքի հիմք դարձնելու գաղափարը բոլորովին պատահական առաջացավ, 2018թ-ի սկզբին»,- պատմում է հեղինակը՝ հավելելով, որ գիտացել է՝ ձեռքում ինչ-որ տեղ նաև լրագրողական արժեքավոր տեղեկատվություն է, որը պետք է ներկայացնել նաև հանրությանը։ Այ սմասին գրում է «Պանորամա»-ն։
Նրա խոսքով՝ տատիկը թեև երբեք չի խոսել այս մասին, բայց վստահ է՝ որպես հեռատես մարդ վավերագրել է իմացածը սերունդներին փոխանցելու մտքով:
«Երջանկության ոչ մենդելեևյան բանաձևը» գրքում ներկայացված են բացառիկ, մեկ դարը վաղուց բոլորած լուսանկարներ, պատմություններ և փաստաթղթեր ընտանեկան արխիվից: Նկարների մի մասն արված է հեղինկաի նախնիների պատմական հայրենիքում՝ Կարսում։ Հուշագրության մեջ տեղ է գտել նաև Տաթևիկի մայրական կողմի մեծ պապի՝ Մեծ եղեռնի հետևանքով Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույցում հայտնվելու մասին վկայող եզակի փաստաթուղթը, որի պատճենը լուսանկարների հետ միասին տարիներ առաջ նա հանձնել է «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին», իսկ բնօրինակն իր կողմից խնամքով պահվող ալբոմում է։
«Տարիներ առաջ, երբ լրագրողական գործունեությամբ պայմանավորված ականատես-վերապրածների մասին հեղինակային ակնարկաշար իրականացրի, նախևառաջ իմ ընտանիքի պատմությունն առավել մանրամասն ուսումնասիրեցի։ Գրքում տեղ գտած լուսանկարների պատճենները և մեծ պապիս փաստաթուղթը թանգարան հաձնելով, կարծես, իմ պարտքը կատարեցի և ցեղասպանության ճանաչման մեծ գործընթացում իմ փոքր ներդրումը, փոքր, բայց իմ կարևոր ապացույցը ներկայացնեի»,-ասում է Հայոց ցեղասպանությունը վերապրածների 4-րդ սերնդի ներկայացուցիչը։
Նա վստահ է, որ տասնյակ վկայությունների, փաստաթղթերի, փաստավավերագրական ֆիլմերից զատ անջնջելի է մարդու գենետիկ հիշողությունը, որն արթուն է ոչ միայն ապրիլի 24-ին։ Միտքն ավելի հասկանալի գրքում է բացատրում.
«Ամեն անգամ, երբ լսում եմ Կոմիտասի «Կռունկ»-ը, անբացատրելի մի բան է կատարվում ինձ հետ: Թվում է, թե չկա ավելի խոսուն, ավելի դիպուկ, ավելի հուզական բան, որքան այս աստվածային երաժշտությունն է: Այն համամարդկային է, և պարտադիր չէ ծանոթ լինել խոսքերին, որպեսզի հասկանաս իմաստն ու նշանակությունը: Այստեղ խոսքից առավել ուժեղ է հնչյունը, մեղեդին, որը համամարդկային է, չունի ազգային պատկանելություն, սահման: Իմ ենթագիտակցության մեջ «Կռունկ»-ը ստեղծում է հուզական այնպիսի մի զգացողություն, որ կարծես Եղեռնի ողջ ցավը, որ զգացել են մարդիկ, ողջ դաժանությունը փոխանցում է մեզ, հիշեցնում՝ չմոռանալու պահանջը: Մտքերս թղթին հանձնելիս ինձ այս երաժշտությունը հաճախ է ուղեկցել»,- գրել է Տաթևիկ Գրիգորյանը: