Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանն, ապրիլի 24-ին ելույթ ունենալով «Թուրքիայի արխիվների զարգացման, տեսլականի և պատմագիտական ուսումնասիրությունների վրա ազդեցության» վերաբերյալ գիտաժողովում, ասել է․

«Հայկական հարցը շոշափող ոչ մի խումբ կամ պետություն իր պնդումները արխիվներով չեն կարողացել հաստատել»:

Նախագահ Էրդողանը կրկին անդրադառնալով արխիվներրի բացման թեմային, ասել է.

«Մենք բացել ենք մեր արխիվները: Հե՜յ Հայաստան, դու էլ ունես, դուք էլ բացեք, եթե երրորդ երկրներում կա, նրանք էլ թող բացեն: Թող պատմաբանները գան, աշխատեն: Դրանից հետո մենք որպես քաղաքական գործիչներ կխոսենք: Իրականությունը գտնել ցանկացող բոլորի համար մեր արխիվների դռները մինչև վերջ բաց են», հայտնում է Ermenihaber-ը:

Էրդողանը ասել է, թե նրանք, ովքեր «Հայկական հարցի և ահաբեկչության դեմ պայքարի հարցերով Թուրքիային մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության դասեր են տալիս, արյունոտ անցյալ ունեն»:

Նրա պնդմամբ՝ վերջին դարերում մարդկության դեմ իրականացված մեծ ջարդերի պատասխանատուները նրանք են, ովքեր այսօր մարդու իրավունքների և ազատությունների առաքյալի դիմակ են հագել:

«Խաչակրաց արշավանքների ժամանակ 4 միլիոն մարդու սպանության պատասխանատուն ո՛չ թուրքերն են, ո՛չ էլ մուսուլմանները: Նրանք, ովքեր խոսում են ցեղասպանությունից, մոռանում են Եվրոպայում հրեաների որսի մասին: Մենք չենք մոռացել և չենք մոռանալու, թե ինչպես էին թյուրք մեսխեթցիներին գնացքներով մահվան ուղարկում: Մենք այժմ էլ լսում ենք Լիբիայի և Ալժիրի անապատներում մահմեդականների ճիչերը: Ֆրանսիայի նախագահին ասել եմ.

«Այս հարցերում դեռ նորեկ ես, գիտեմ Ալժիրում, Ռուանդայում ձեր իրականացրած կոտորածների մասին»: Հայտնի է, թե 25 տարի առաջ Ռուանդայում 800 հազ մարդու ովքեր են սպանել և դրա մեղավորները ֆրանսիացիներն են: Եկել, մեզ են դասեր տալիս»,- ասել է Թուրքիայի նախագահը: