Ռուբեն Վարդանյանը՝ հեղափոխությունից հետո երկրում տիրող իրավիճակի մասին․ «Մեծ հույսեր կան, մեծ սպասումներ կան, բայց դա քիչ է, որ երկիրը զարգանա»
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանը Հանրայինի եթերում անդրադարձել է Թավշյա հեղափոխությունից հետո երկրում տեղի ունեցած փոփոխություններին.
«Ես այստեղ չեմ ապրում, դրա համար մի քիչ դժվար է ինձ համար գնահատել: Մենք տեսնում ենք փոփոխություններ, որ շատ բաների մասին կարելի է հանգիստ խոսել: Հիմա ես պաշտպան չեմ կոռուպցիային, բայց ասում եմ, որ դրա դեմ պայքարելը դեռ շատ քիչ է, եթե մենք չունենանք ընտրական ծրագիր, որը որ ցույց կտա՝ ինչ երկիր ենք ուզում կառուցել: Հիմա այդ ծրագրերը չկան, մեծ հույսեր կան, մեծ սպասումներ կան, բայց դա քիչ է, որ երկիրը զարգանա»,- ասել է Վարդանյանը:
Նա եթերի ընթացքում նշել է նաև, թե ովքեր են լինելու այս տարվա «Ավրորա» մրցանակաբաշխության հյուրերը.
«Այսօր մենք ունենք 750 պատմություն հերոսների մասին, որոնք մեզ պես մարդիկ են, որոնք իրենց կյանքը պատրաստ են զոհել ուրիշինը փրկելու համար: Շատ անգամ նրանք ուրիշ երկրից են գալիս, կամ այլ կրոն են դավանում. իրենք չեն նայում՝ ում են փրկում, իրենք փրկում են, որովհետև գիտեն, որ դա ճիշտ է և ինձ թվում է, որ նրանք իսկական հերոսներն են և ահա իրենք են մեր հյուրերը»,- ասել է Ռուբեն Վարդանյանը:
Գործարարը նշել է, որ «Ավրորայի» շնորհիվ աշխարհում արդեն 850 հազար մարդ օգնություն է ստացել:
«Մենք ունենք ամբողջ աշխարհի ամենահայտնի մարդկանց ընդգրկումը այս նախագծին, որը դու չես կարող փողով առնել, այլ՝ միայն գաղափարով»,- ասել է նա: