Հայաստանը շախմատի վետերանների աշխարհի թիմային առաջնությունում գրավել է 4-րդ տեղը
Հունաստանում ավարտվել է վետերան շախմատիստների աշխարհի թիմային առաջնությունը, գրում է շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Հայաստանի հավաքականը, որը մրցաշարի ամբողջ ընթացքում ընթանում էր առաջատարների շարքում, ցավոք, տեղ չի զբաղեցրել լավագույն եռյակում:
Վերջին տուրում մեր թիմը 2-2 հաշվով ոչ-ոքի է խաղացել Իտալիայի թիմի հետ և 12 միավորով կիսել է 3-6-րդ հորիզոնականները:
Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո մեր թիմը զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը:
Աշխարհի թիմային չեմպիոն է դարձել ԱՄՆ-ի հավաքականը, Իտալիան գրավել է 2-րդ հորիզոնականը, իսկ Իսրայելը եզրափակել է լավագույն եռյակը:
Հայաստանի հավաքականի անդամները, սակայն, արժանացել են անհատական մեդալների. Արտաշես Մինասյանը լավագույն արդյունքն է ցույց տվել 2-րդ խաղատախտակի առջև հանդես եկող շախմատիստների պայքարում, Արշակ Պետրոսյանը ոսկե մեդալ է նվաճել 4-րդ խաղատախտակի վրա, իսկ Կարեն Մովսիսյանը 3-րդ խաղատախտակի վրա ցույց տված արդյունքի շնորհիվ արժանացել է արծաթե մեդալի: