Հայ գիտնականները պարզել են Հայոց ցեղասպանության հետևանքով կրած վնասի չափը
Վերջին տարիներին հայաստանցի պատմաբանները, քաղաքական ու հասարակական շրջանակներն ակտիվ պայքար էին մղում Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացրած Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացը դեպի իրավաքաղաքական դաշտ տեղափոխելու ուղղությամբ։ Շատերը պնդում են՝ անցել է Ցեղասպանության ճանաչման փուլը, եկել է հատուցում պահանջելու ու պատճառված հետևանքները վերացնելու ժամանակը։
Ցեղասպանության հետևանքների, վնասների, կրած կորուստների մասին տարբեր թվեր, տեսակետներ կան։ Դրանք ի մի բերելու ու ամբողջական գնահատական տալու նպատակով Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայում ստեղծվել է միջգիտակարգային հանձնախումբ, որում ներառված են գիտնականներ ու մասնագետներ պատմության, արևելագիտության, արվեստի, երկրաբանության, հնագիտության և ազգագրության, ֆիզիկայի և աստղաֆիզիկայի ինստիտուտներից՝ Ռուբեն Մելքոնյան, Արմեն Մարուքյան, Պավել Ավետիսյանը, Ռուբեն Սաֆրաստյան, Արարատ Աղասյան, Դավիթ Քերթմենջյան և այլք։
«Հանձնախումբը կարողացել է մեր ունեցած կորուստները՝ սկսած տարածքայինից մինչև եկեղեցիներ, մշակութային արժեքներ, հավաքագրել։ Արվեստագետներն աշխատել են իրենց մասով, պատմաբանները՝ իրենց, նաև երկրաբաններ ու ֆիզիկոսներ կան խմբում։ Վերջինները, օրինակ, հանքային հանածոների մասով ահռելի գործ են արել։ Արևմտյան Հայաստանի տարածքում հսկայական հանածոներ կան, որոնք անցած 100 ու ավելի տարիների ընթացքում շահագործվել են, դրանց շահույթները ֆանտաստիկ գումարներ են կազմում։ Խմբում ընդգրկված բոլոր մասնագետներն իրենց հնարավորության սահմաններում հավաքել են մեր ունեցած կորուստի հանրագումարը, և 600-700 էջանոց ծանրակշիռ մի աշխատություն առաջիկա մի քանի ամիսների ընթացքում լույս կտեսնի»,- ասել է ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը։ Գրում է «Պանորամա»-ն։
Գիտնականը կարծում է, որ աշխատության հրատարակումից հետո կլինեն գործնական քայլեր հատուցման խնդիրն առաջ մղելու համար։
«Ժամանակին Լևոն Վարդան անունով գործիչ կար։ Նա սկսել էր գրել հայկական կորուստների մասին, այսպես կոչված լքյալ գույքի վերաբերյալ, երբ թուրքերը օրենքներ էին գրել, որպեսզի պետականացնեին հայերից հափշտակված գույքը։ Հիմա մենք գիտական մակարդակով դա դնում ենք ընթացքի մեջ, կարծում եմ՝ կգա ժամանակը, որ պետական մարմինները մեզ սատար կկանգնեն, և քաղաքական մակարդակով ևս այդ հարցն առաջ կմղեն»,- մանրամասնել է գիտնականը։
Մելքոնյանը հիշեցրել է, որ մինչև 1921թ-ը տարբեր թվեր են շրջանառվել, խոսվել է 18 մլն ֆրանկի մասին, որը ըստ գիտնականի, այսօր մի քանի հարյուր միլիարդ ամերիկյան դոլար է կազմում։
«Բայց այդ նախկին ու ներկա հաշվարկները համեմատելի չեն միմյանց հետ։ Միայն կասեմ հետևյալը, մեր նյութական կորուստները կազմել են Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրության կրած վնասների կրկնակին, որոշ հաշվարկների համաձայն, խոսքն առնվազն կես տրիլիոն դոլարի մասին է։ Սա էլ հարաբերական թիվ է, միայն շոշափելի նյութական կորուստների մասին է խոսքը, դրանում ներառված չեն հոգևոր արժեքները՝ երաժշտություն, ձեռագրեր, եկեղեցիներ, որոնք ֆինանսական առումով անկարելի է հաշվել։ Էլ չեմ ասում ամենակարևորը՝ հայրենիքը, որը գին, արժեք չունի»,- նշել է ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրենը։
Մելքոնյանի խոսքով, աշխատության բաժիններից մեկում Արվեստի ինստիտուտի ներկայացուցիչ Արարատ Աղասյանը գրել է, թե ինչ է կորցրել Հայաստանը գեղանկարչության բնագավառում, ինչպիսի նկարիչներ ենք ունեցել, նրանց բոլոր նկարները ոչնչացվել են։
«Միայն Եղեռնի ժամանակ մոտ 30 հազար ձեռագիր ենք կորցրել։ Համեմատության համար նշեմ, որ այսօր Մատենադարանում պահվում է շուրջ 20 հազար ձեռագիր, աշխարհում ունենք 30-35 հազար ձեռագիր»,- հաշված վնասները ներկայացրել է նա։
Աշխատությունը կտրամադրվի նաև իրավաբաններին, որպեսզի նրանք կորուստների մասին հավաքված փաստական տվյալները վերածեն իրավական նյութի՝ Հաագայի միջազգային դատարան մտնելու համար։ Գիտնականների ուսումնասիրությունների համար հիմք են հանդիսացել մի քանի տասնյակ երկրների, նաև Հայաստանի արխիվային նյութերը, քարտեզները։