Պետական վերահսկողական ծառայության աշխատակից Սամվել Ադյանն ազատ է արձակվել
Պետական վերահսկողական ծառայության գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանն ազատ է արձակվել: Այս մասին հայտնել է Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը: Գրում է «Հետքը»։
Նշենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն ապրիլի 18-ին մերժել է Ադյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը: Գործի նախաքննության սկզբում նրա նկատմամբ ընտրված երկամսյա կալանքի ժամկետը լրանում էր այսօր:
Այսպիսով՝ գործով անցնող 4 մեղադրյալները՝ Սամվել Ադյանը, Գևորգ Խաչատրյանը, Տարոն Ավետիսյանն ու Դավիթ Սանասարյանն ազատության մեջ են:
Դատախազությունը, սակայն, բողոքարկել է Ադյանի կալանքի ժամկետը չերկարացնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը:
Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ «ՀՀ պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Ադյանը, ունենալով պետության միջոցներով գնումների գործընթացը կանոնակարգող օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողության իրավասություն, նույն վարչության գլխավոր մասնագետ Գևորգ Խաչատրյանի հետ նախնական համաձայնությամբ, առերևույթ անձնական շահագրգռվածությունից ելնելով, ծառայության շահերին հակառակ օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, 2018-2019թթ. ընթացքում ապօրինի կերպով միջամտել են վերահսկվող օբյեկտների՝ ՀՀ առողջապահության նախարարության և մի շարք բժշկական կենտրոնների կարիքների համար անհրաժեշտ բժշկական սարքավորումների ձեռքբերման նպատակով կազմակերպված գնման ընթացակարգերին` նպատակ ունենալով հայտարարված մրցույթներում ապահովել իրենց կողմից հովանավորվող առևտրային կազմակերպության հաղթանակը»:
Ընդ որում, գնման գործընթացներին մասնակցող ծառայողների կողմից ապօրինի պահանջները կատարելուն ընդդիմանալու դեպքում, ՀՀ պետական վերահսկողական ծառայության պաշտոնատար անձինք սպառնացել կամ փաստացի նախաձեռնել են ուսումնասիրություններ:
Նշված գործողությունների հետևանքով տեխնիկական բնութագրերում կատարված փոփոխություններով նվազեցվել են մատակարարման ենթակա ապրանքների որակական հատկանիշները՝ դրանք փաստացի համապատասխանեցնելով իրենց հետ փոխկապակցված ընկերության կողմից առաջարկվող ապրանքներին: Վերոհիշյալ տնտեսվարող սուբյեկտի ներկայացուցիչ Տարոն Ավետիսյանին՝ օժանդակելով նշված պաշտոնատար անձանց և գործելով վերջիններիս հետ նախնական համաձայնությամբ, գնման գործընթացում ներգրավված պաշտոնատար անձանց ներկայացրել է առաջարկվող ապրանքի որակական հատկանիշների վերաբերյալ կեղծ հավաստագրեր»:
Ապրիլի 18-ին Սանասարյանին մեղադրանք առաջադրելու վերաբերյալ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ քրեական գործով բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որոնք առերևույթ վկայում են այն մասին, որ վերջինս, հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու և ազատելու, վերահսկվող օբյեկտներում ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարագրեր տալու, վերահսկվող օբյեկտներից ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ և փաստաթղթեր պահանջելու լիազորություններ, խմբային շահերից ելնելով` իր աշխատակիցների կողմից փաստացի կառավարվող ընկերության ձեռնարկատիրական գործունեությանը նպաստելու նպատակով իր պաշտոնեական դիրքն առերևույթ օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները: