Ռուսական Առաջին ալիքը տեսանյութ է հեռարձակել մանկական «Գոլոս» (Մանկական ձայն) նախագծին մասնակցող Միշա Գրիգորյանի մասին Ստեփանակերտից: Ռեպորտաժում Միշան պատմում է Ստեփանակերտի մասին, հեծանիվ վարում, պատմում է Տատիկի-պապիկի արձանի, իր սիրած՝ Շուշիի եկեղեցու մասին, պատմում է, թե ինչպես է օգնում հորը «ղեկավարել» զինվորական նվագախումբը:

«Մեր Հայաստանը շատ հյուրընկալ է, իսկ խոհանոցը շատ համեղ: Այսօր կծանոթանաք հայկական խոհանոցին»,- պատմում է Միշան:

Տեսանյութը զայրացրել է ադրբեջանցիներին, որոնք դա Ադրբեջանի դեմ սադրանք են անվանել:

«Իրականում ստացվել է ոչ թե տեսանյութ «Գոլոս. Դետի» նախագծի մասնակիցներից մեկի մասին, այլ հերթական փորձ՝ գովազդելու ՌԴ հեռուստաեթերում «ադրբեջանական գրավված հողերում ստեղծված ռեժիմը»,- գրում է Minval.az-ը:

Ադրբեջանցիներն իրենց են վերագրում նույնիսկ ժենգյալով հացը, որի պատրաստման կադրեր կան տեսանյութում՝ նշելով, թե եթերում հնչում է «հայկականի տեղ մատուցվող ադրբեջանական երաժշտություն»: