Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի 2018թ-ի ու դրան նախորդող մի քանի տարիների գործունեությունը ենթարկվել է միջազգային վերանայման՝ ՄԱԿՓարիզյան սկզբունքներով սահմանված մարդու իրավունքների ազգային ինստիտուտներին առաջադրվող անկախության պահանջներին համապատասխանության տեսանկյունից: Այս մասին տեղեկացնում է ՄԻՊ-ի գրասենյակը:

Այդ վերանայման արդյունքում առաջարկվել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատությանը շնորհել ամենաբարձր «A» միջազգային հեղինակավոր կարգավիճակը։

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի քարտուղարությամբ գործող Մարդու իրավունքների ազգային հաստատությունների համաշխարհային միավորման անկախ հանձնախմբի կողմից այս բարձր կարգավիճակի հաստատումը վկայում է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի լիարժեք անկախության, վստահելիության ու արդյունավետ աշխատանքի մասին։

«A» կարգավիճակը Մարդու իրավունքների ազգային հաստատությանն իրավունք է վերապահում մասնակցել միջազգային կառույցների, այդ թվում՝ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի աշխատանքներին և որոշումների կայացմանը, հանդես գալ հատուկ ելույթներով, օգտվել միջազգային համապատասխան կառույցների ղեկավար մարմիններում ընտրվելու և այդ մարմինների ընտրություններին քվեարկության իրավունքից։

Մարդու իրավունքների ազգային հաստատությունների անկախության կարգավիճակը ողջ աշխարհում այս մեխանիզմով գնահատվում է յուրաքանչյուր 5 տարին մեկ անգամ։ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանն այս կարգավիճակով օժտված է 2006թ-ից սկսած: