ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում ապրիլի 25-ին հաղորդում է ստացվել ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնի քրեական հետախուզության օպերլիազորի կողմից 2017թ-ից պարբերաբար ՀՀ քաղաքացուց որպես կաշառք գումարներ շորթելու վերաբերյալ:

ԱԱԾ մամուլի կենտրոնի փոխանցմամբ, Կոտայքի մարզի ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Գ.Գ-ն, իմանալով, որ Կոտայքի բնակիչը նախկինում թմրանյութ է օգտագործել, սպառնացել է իր պաշտոնեական լիազորությունների շրջանակում միջոցներ ձեռնարկել՝ վերջինիս քրեական պատասխանատվության ենթարկելու հիմքեր ստեղծելու համար և պահանջել ու 2017թ-ի հունիսից մինչև 2019թ-ի ապրիլի 26-ն ընկած ժամանակահատվածում պարբերաբար որպես կաշառք շորթմամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր առմամբ 4.2 մլն դրամին համարժեք գումար:

Ապրիլի 26-ին հերթական կաշառք-գումարը՝ 200,000 դրամի չափով, փոխանցվել է ԱԱԾ և ոստիկանության աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո, ինչից անմիջապես հետո օպերլիազորը բերման է ենթարկվել: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով: Որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: