Այսօր վաղ առավոտից սկսվել են Նար-Դոս փողոցի երկայնքով տեղակայված կրպակների ապամոնտաժման աշխատանքները։ Ապամոնտաժման որոշումը կայացրել է Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարությունը։

Կենտրոն վարչական շրջանի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ Մանուել Մարգարյանը նշում է, որ բոլոր կրպակները գտնվում են մայթի վրա, դրանք համապատասխան փաստաթուղթ չունեն, ուստի որոշում է կայացվել մայթն «ազատագրել» կրպակներից։

Նրա խոսքով՝ դեռևս հունվարին տնտեսվարողներին ծանուցումներ են ուղարկվել.

«Դժգոհություններ եղել են, բայց վերջում համոզվեցին»։

Նրա խոսքով՝ ապամոնտաժման աշխատանքները շարունակական բնույթ են կրելու։

Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանն էլ նշում է, որ այսօր կապամոնտաժեն 4 կրպակ։ Նրա խոսքով՝ այժմ Երևանի քաղաքապետարանի հետ քննարկում են ընթանում այլ վայրերում տարածքներ հատկացնելու վերաբերյալ, որպեսզի ցանկության դեպքում տնտեսվարողները տվյալ հատվածում գործունեություն ծավալեն։

«Տարիներ շարունակ անօրինական գործել են, հիմա քաղաքը բարեկարգվում է»,- ասում է նա։