Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին զայրացրել է, որ Հաղթանակ զբոսայգու հարևանությամբ գտնվող սեփական տների դիմաց նոր աղբամաններ են դրված։ Այսօր քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նա հանձնարարել է հանել դրանք և փոխարենը տեղադրել հին, այրված աղբամաններ։

Քաղաքապետն ընդգծել է, որ կենտրոնական մի շարք փողոցներում տեղադրված են այրված կամ վնասված աղբամաններ, մինչդեռ որոշ թանկարժեք առանձնատների թաղամասերում միշտ նոր աղբարկղեր են:

«Ազատության պողոտայով դեպի Բաբայան փողոց բարձրանալիս աղբամաններն այրված են, կոտրված կամ էլ ընդհանրապես չկան: Շրջելով Հաղթանակ զբոսայգու դիմացի մայթում՝ տեսնում ես՝ դրված են չորս, հինգ և ավելի շատ նոր աղբամաններ: Հենց այսօր հանու՛մ եք այդ աղբամանները և դնում այն հատվածներում, որտեղ մեր հազարավոր քաղաքացիներն են անցնում: Իսկ բակային տարածքներում, կարևոր չէ՝ ով է այդտեղ ապրում, տեղադրում եք սովորական աղբամաններ: Եթե այդ թաղամասի բնակիչները ցանկություն կունենան՝ թող իրենց միջոցներով փոխեն», - ասել է քաղաքապետը՝ դիմելով «Սանիթեքի» ներկայացուցչին: