2019-20 ուսումնական տարվանից սկսած՝ Երևան քաղաքի դպրոցներում առաջին դասարանցիների ընդունելությունը կատարվելու է էլեկտրոնային գրանցման եղանակով։

Ասուլիսի ընթացքում Կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը և Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը ներկայացրել են համակարգը։ Համակարգը հնարավորություն կտա յուրաքանչյուր ծնողի էլեկտրոնային եղանակով գրանցել իր երեխային, որից հետո պահանջվող փաստաթղթերը կարող են ներկայացվել դպրոց։

«Դպրոցի տնօրենն արդեն չի կարող ասել, որ դպրոցում տեղ չկա։ Համակարգի նպատակն է մրցակցային հավասար պայմանների, թափանցիկության ապահովումը»,- հայտնլ է Արտակ Պողոսյանը։

Ըստ ԿԳ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանի՝ համակարգը բացառում է կոռուպցիոն ռիսկերը, և ոչ մի ծնող տնօրենի հետ համագործակցման արդյունքում երեխային չի կարող նշված ժամկետից ավելի շուտ դպրոց ուղարկել։ Այն մարդիկ, ովքեր չունեն համակարգիչ կամ մուտք չունեն համացանց, նրանց համար յուրաքանչյուր վարչական շրջանում, դպրոցում կլինեն համակարգողներ, ովքեր մուտք կգործեն համակարգ և կգրանցեն երեխային։

Ըստ Արտակ Պողոսյանի՝ համակարգ մուտք գործել հնարավոր է նաև բջջային հեռախոսների միջոցով։ Հայաստանից դուրս գտնվող ծնողները ևս կարող են երեխային առցանց համակարգով գրանցել Երևանի պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարան հաճախելու համար։ Հայտագրման համար պարտադիր բաղադրիչ է բնակչության պետական ռեգիստրում հաշվառված լինելը և հանրային ծառայության համարանիշ ունենալը։ Առցանց համակարգն այս տարի փորձարկվելու է Երևանում և հետագայում կարող է տարածվել նաև մարզերում:

Արտակ Պողոսյանը նշել է, որ հայտագրման համար անհրաժեշտ է մուտք գործել համակարգ, ընտրել համայնքը, ապա դպրոցների ցանկից ընտրել դպրոցը, ստուգել, այնտեղ ազատ տեղ դիմելու դեպքում սեղմել «ավելացնել հայտ» կոճակը։

Հայտագրում իրականացնելու համար անհրաժեշտ է ծնողներից մեկի հանրային ծառայությունների, այսինքն` սոցիալական քարտի համարանիշը եւ էլեկտրոնային հասցեն, որից հետո կմուտքագրվի երեխայի սոցիալական քարտի համարանիշը, համակարգը երեխայի անձնական մյուս տվյալները կներբեռնի բնակչության պետական ռեգիստրից։ Հայտը հաստատելուց հետո համակարգում կհայտնվեն անհրաժեշտ փաստաթղթերը, որոնք պետք է ներկայացնել դպրոց եւ այդ փաստաթղթերի ընդունման ժամանակահատվածը։

Համակարգը կգործարկվի 2019թ-ի մայիսի 15-ին։