Բուլղարիայում ապրիլի 23-24-ը տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ:

Ապրիլի 24-ին Սոֆիայի հայկական կազմակերպությունների համադրիչ խորհրդի նախաձեռնությամբ և ՀՀ դեսպանության մասնակցությամբ կազմակերպվել է ծաղկեպսակների և ծաղիկների զետեղման արարողություն մայրաքաղաքի կենտրոնական գերեզմանատան հայկական հատվածում տեղադրված՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանի մոտ: Արարողությանը մասնակցել է Բուլղարիայի կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչը:

«Նույն օրը Սոֆիայի «Երևան» պուրակում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձան-խաչքարի մոտ անցկացվեց ոգեկոչման արարողություն, որին մասնակցեցին հայ համայնքի և բուլղար հասարակության բազմաթիվ ներկայացուցիչներ և մտավորականներ, ԲՀ նախկին և գործող քաղաքական գործիչներ, պատգամավորներ:

Դեսպանության կողմից թարգմանաբար ընթերցվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ:

Աղոթքից և ելույթներից հետո բուլղարահայ համայնքի ներկայացուցիչներն ու ՀԲԸՄ Սոֆիայի մասնաճյուղի կիրակնօրյա դպրոցի սաները հայերեն և բուլղարերեն լեզուներով կարդացին օրվա խորհրդին նվիրված բանաստեղծություններ, իսկ «Նաիրի» պարային համույթը հանդես եկավ հայկական ժողովրդական պարի կատարմամբ:

Միջոցառումը հեռարձակվեց բուլղարական «СКАТ» հեռուստաընկերության կողմից:

Ապրիլի 23-ին և 24-ին Մեծ Եղեռնի զոհերի ոգեկոչման միջոցառումներ անցկացվել են նաև Բուլղարիայի հայաշատ այլ բնակավայրերում:

Ապրիլի 24-ին հիշատակի երթ է անցկացվել Պլովդիվի «Ստեֆան Ստամբոլով» հրապարակից դեպի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի, որի բակում կազմակերպվեց հիշատակի միջոցառում և ընթերցվեց հայտարարություն՝ ուղղված Թուրքիային՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով: Քաղաքի հրապարակներից մեկում բարեգործական նպատակներով կազմակերպվել է արյան հանձնում:

Ապրիլի 23-ին ավանդական ջահերով երթ է անցկացվել Բուրգասի «Տրոյկա» հրապարակից դեպի Սուրբ Խաչ հայկական եկեղեցի, որի բակում կազմակերպվեց ոգեկոչման արարողություն: Հաջորդ օրը քաղաքի տիկնիկային թատրոնում Բուրգասի և Պլովդիվի հայկական ստեղծագործական խմբերի մասնակցությամբ ցուցադրվել է բեմականացված ներկայացում՝ նվիրված զոհերի հիշատակին: Բուրգասում կայացած միջոցառումներին մասնակցել է Բուլղարիա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար, ԲՀ խորհրդարանի պատգամավոր Նիկոլայ Թիշևը: Նույն օրը ջահերով երթ անցկացվեց նաև Վառնայի կենտրոնում գտնվող հայկական հուշարձանից դեպի հայկական Սուրբ Սարգիս եկեղեցի, որի բակում հաջորդ օրը կազմակերպվել է ոգեկոչման արարողություն:

Ապրիլի 23-ին և 24-ին Բուլղարիայի բոլոր հայկական եկեղեցիներում մատուցվել են Սուրբ պատարագներ»,- նշված է հաղորդագրության մեջ: