Միանշանակ է, որ թե՛ Բելառուսի, թե՛ Ղազախստանի ղեկավարների հայտարարությունները չեն բխում կառուցողական ոգուց և համագործակցության տրամաբանությունից, որ ՀԱՊԿ գործընկերության մեջ առկա է. ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Ըստ նրա՝ զգայուն հարցերը մինչև չեն համաձայնեցվում ներսում, չեն հրապարակվում:

«Սրանով, չեմ կարծում, որ օգնում են հետագա համագործակցության ձեռք բերմանը: Նման հարցերը լուծվելու են համախոհությամբ, և դրա հնարավորությունը պետք է պահպանվի: Մյուս կողմից էլ մեր խնդիրները մենք այնպես պետք է ձևակերպենք, որ լրացուցիչ խնդիրներ չառաջացնեն»,- ասաց նա:

Ռուստամյանը, խոսելով ՀՀ-ի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղը պահելու ցանկությունից, նկատեց, որ մինչ այդ պետք է հասկանային, որ կար բաց կանոնադրության մեջ:

«Մինչև Խաչատուրովին հետ կանչելը պետք էր նախապատրաստվել, որը չենք արել, ոչ թե փաստից հետո փորձել խնդիրները լուծել»,- շեշտեց նա:

ՀՅԴ պատգամավորն ասաց, որ ՀՀ-ն չունի այդքան լծակ՝ մյուս երկրների ղեկավարներից պահանջելու կեցվածք պահպանել: «Այդ տրամաբանությամբ, եթե խոսենք, կառուցողական տեղ չի տանելու: Կրքերը բորբոքում են, լարվածությունը մեծանում է, ՀԱՊԿ-ում, եթե պրոբլեմներ լինեն, առաջին օգտվողը Ադրբեջանն է լինելու: Տեսնում եմ՝ Ադրբեջանի նախագահը ինչպիսի հրճվանք է ապրում՝ մեղադրանքի սլաքը ուղղելով ՀՀ-ի վրա, որ եթե խնդիր կա այդ կազմակերպության մեջ, ուրեմն ՀՀ-ից է: Հմուտ պետք  է լինել, մի կողմից՝ ՀԱՊԿ-ի նշանակությունը այս առանձնահատուկ իրավիճակում իրական դառնա, քայլերն էլ համապատասխան տրամաբանությամբ, մյուս կողմից էլ չունենալով այլընտրանք՝ չեմ կարծում՝ մեր գոյությունն այդտեղ դնելը հարվածի տակ դնելը սխալ ճանապարհ է»,- ասաց նա:

Ըստ Ռուստամյանի՝ պետք է խուսափել այնպիսի ձևակերպումներից, ինչպիսիք են հին «դիկտատորներ», որքան էլ մեր ներսում այլ մտածելակերպ լինի:

Հիշեցնենք, որ Յուրի Խաչատուրովն ազատվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնից: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունների կատարումը դրվել է կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովի վրա: